Ճապոնիայի Honda Motor ավտոմոբիլային կոնցեռնը 2017թ.-ին աշխարհում առաջին տեղն է գրավել իր բիզնես-դասի HondaJet ոչ մեծ ինքնաթիռների վաճառքների ծավալով:

HondaJet-ը յոթտեղանոց ռեակտիվ ինքնաթիռ է, որի ստեղծման վրա ընկերությունն աշխատել է դեռևս 1997թ.-ից: Դրա գինը 4,9 միլիոն դոլար է: Ինքնաթիռը նախատեսված է կորպորատիվ ղեկավարների և մեծ կարողության տեր մասնավոր անհատների համար: Երկու ռեակտիվ շարժիչներով Փոքրաչափ ինքնաթիռը՝ կարող է թռչել ժամում 770 կիլոմետր արագությամբ 13 կիլոմետրից ավելի բարձրության վրա:

HondaJet-ն արտադրում են ԱՄՆ-ի տարածքում: Այդ որոշումը պայմանավորված էր Ճապոնիայի ավտոկոնցեռնի այն հաշվարկով, որ հենց Միացյալ Նահանգներում նորույթը կվայելի ամենամեծ պահանջարկը: Այդ հույսերն արդարացել են. ինքնաթիռի առավել շատ գնորդները եղել են ԱՄՆ-ում, ինչպես նաև Եվրամիության անդամ երկրներում: