Գիրք նվիրելու տոնը՝ Հայաստանի ազգային, Խնկո Ապոր և Ավետիք Իսահակյանի անվան գրադարաններում
Յուրաքանչյուր տարի hայ մեծ գրող, բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ծննդյան օրը՝ փետրվարի 19-ին Հայաստանում նշվում է որպես «Գիրք նվիրելու տոն»։
Մեր երկրում տոնի ավանդույթի հիմքը դրել է Գրողների միության նախկին նախագահ Լևոն Անանյանը և ՀՀ կառավարության որոշմամբ՝ նշվում է 2008թ-ից:
ԿԳՄՍ նախարարության ենթակայության 12 գրադարաններում՝ Հայաստանի ազգային, Խնկո Ապոր անվան ազգային մանկական և մարզային գրադարաններում իրականացվել են ծրագրեր և միջոցառումներ: Անցկացվել են գրքերի շնորհանդեսներ, ցուցահանդես-տոնավաճառներ, գրքի նվիրատվության ակցիաներ: Փետրվարի 19-21 անցկացվելու են արդեն ավանդական դարձած Մանկապատանեկան գրքի երևանյան 16-րդ տոնավաճառը, որին իրենց մանկապատանեկան հավաքածուներով կմասնակցեն ՀՀ մի շարք հրատարակչություններ և գրատներ: Տոնավաճառին զուգահեռ գրադարանում իրականացվելու են միջոցառումների ծրագիր։ Այս մասին հայտնում է լրագրող Գարիկ Ավետիսյանը։
Այս առիթով ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը շրջելով մի շարք մշակութային օջախներով մասնակցել է միջոցառումներին: Հայաստանի Ազգային Պատկերասրահում, Ազգային ու Երևանի Քաղաքապետարանի Ավետիք Իսահակյանի անվան գրադարաններում երեկ տեղի են ունեցել միջոցառումներ: Ազգային գրադարանի թամանյանական մասնաշենքի փոքր ցուցասրահում բացվել է «Հովհաննես Թումանյանի գրական ժառանգությունը» խորագրով գրականության և ալբոմային հրատարակությունների ցուցադրություն: Իսկ ընդհանուր ընթերցասրահում բացվել է Ուրուգվայական անկյուն: Բացումն իրականացրել է Ուրուգվայի Հանրապետության պատվո հյուպատոս Էդուարդո Ռուզենբերգը և սիրված գրքօջախի տնօրեն Հրաչ Սարիբեկյանը:
Անկյունի բացումով ստեղծվելու է իսպանական թարգմանչական արվեստի կենտրոն: Սա Ուրուգվայից ստացված գրքերի առաջին խմբաքանակն է,այն դեպքում,երբ գրադարանում ընդհամենը կա երկու գիրք, որոնք թարգմանել է Կարա Չոբանյանը:
Հայաստանի ազգային պատկերասրահում տեղի է ունեցել «Թումանյան-Կոմիտաս-150» գեղարվեստական ալբոմի շնորհանդեսը։ Սրա հեղինակ-կազմողը Հայաստանի Ազգային Պատկերսրահի Գեղանկարի բաժնի պատասխանատու Հայկուշ Սահակյանն է։ Շնորհանդեսի ընթացքում ելույթ է ունեցել ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը:
Այստեղ ներկայացված են հայ մեծերի՝ Կոմիտասի ու Թումանյանի դիմանկարները, նրանց ստեղծագործությունները, առկա են նաև չհրատարակված նյութեր, քանդակներ, գեղարվեստի նմուշներ, ի վերջո մի շարք արվեստագետների հուշերը նրանց մասին:
Երևանի Քաղաքապետարանի Ավետիք Իսահակյանի անվան կենտրոնական գրադարանում տեղի է ունեցել Երևանի Պետական Մանկավարժական Համալսարանի դոցենտ, հեռուստառադիոլրագրության ամբիոնի վարիչ Լևոն Գալստյանի անձնական ֆոնդի բացումը և ցուցադրումը:
Այսպիսով՝ ԿԳՄՍ նախարարության հաղորդմամբ, տոնավաճառի նպատակն է մանուկների և պատանիների շրջանում հետաքրքրություն առաջացնել գրքի և ընթերցանության նկատմամբ և հանրությանն իրազեկել մանկապատանեկան գրքի նորություններին: Եռօրյա տոնավաճառի առանցքային միջոցառումը գրքի ցուցահանդես-վաճառքն է. ընթացքում նախատեսվում են հանդիպումներ և ինտերակտիվ քննարկումներ 2019թ-ի «Մանկապատանեկան գրողների և նկարազարդողների» մրցույթի մրցանակակիրների հետ, գրադարանի տարվա լավագույն ընթերցողների պարգևատրումներ, 2019թ-ի մանկապատանեկան հեքիաթի միջազգային մրցույթի ամփոփում, շնորհանդեսներ, հեքիաթապատումներ, տիկնիկային ներկայացումներ, ցուցահանդեսներ, կինո և մուլտֆիլմերի դիտումներ, էքսկուրսիաներ, ընթերցանություն, թեյախմություն:
Փետրվարի 19-ին՝ Գիրք նվիրելու օրը, շեշտադրվել է «Նվեր զինվորին» գրքի նվիրատվության ակցիան, որի ընթացքում գնված նախընտրելի գիրքը կարելի է ընծայել հայ զինվորին. օրվա խորհրդին համահունչ կիրականացվեն նաև թումանյանական մոտիվներով միջոցառումներ:
Փետրվարի 21-ին կազմակերպվելու են Մայրենի լեզվի միջազգային օրվան նվիրված լեզվաբանական-խաղ, զրույցներ, պատանիներին հասցեագրված միջոցառումներ տոնավաճառին մասնակից առանձին հրատարակիչների կողմից: Տոնավաճառի արդյունքները ամփոփվելու են փետրվարի 21-ին: