Կաշառք ստանալու դեպքով ձերբակալվել է «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն» ՊՈԱԿ-ի փորձագետը
Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) մամուլի կենտրոնը տեղեկացնում է, որ բացհայատվել է կաշառք ստանալու դեպք:
Փաստական տվյալներ են ստացվել, որ շրջակա միջավայրի նախարարության «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն» ՊՈԱԿ-ի փորձագետը, իրականացնելով կազմակերպություն ներկայացված նախագծային փաստաթղթերի, դրանց նախնական գնահատման հայտերի և հաշվետվությունների փորձաքննություն և դրա կատարման ընթացքում հանդիսանալով պաշտոնատար անձ, անտեսելով փորձաքննության գործընթացի հետ կապված ձեռնարկողին խորհրդատվություն տրամադրելու արգելքը, տնտեսվարող սուբյեկտի տնօրենի օգտին գործողություններ կատարելու նպատակով ստացել է առանձնապես խոշոր չափերով կաշառք: Մասնավորապես, պաշտոնատար անձը հանքարդյունաբերության արտոնագիր ստանալուն նպաստելու, այդ հարցում խոչընդոտները վերացնելու համար տնտեսվարող սուբյեկտի տնօրենի փոխարեն համապատասխան փաստաթղթեր կազմելու, հանքավայրի իրական երկրաբանական տեղորոշիչները պատկան մարմիններին չհայտնելու և դրական եզրակացության նախագիծ տրամադրելու համար պահանջել և 2019 թ. սեպտեմբերից մինչև 2020թ. փետրվարի 8-ը ընկած ժամանակահատվածում տեղի ունեցած հանդիպումների ընթացքում մաս-մաս ստացել է առանձնապես խոշոր չափերով՝ 3 մլն 300 հազար ՀՀ դրամ կաշառք։
Ըստ հաղորդագրության՝ ԱԱԾ օպերատիվ ստորաբաժանումների աշխատակիցների հսկողության ներքո հիշյալ փորձագետը 2020թ-ի փետրվարի 18-ին Երևանի՝ Հանրապետության հրապարակի հարակից հատվածում կաշառքի հերթական գումարը ստանալիս, կաշառք տվող անձի հետ առձեռն բռնվել և բերման է ենթարկվել ԱԱԾ աշխատակիցների կողմից։ Անձնական խուզարկությամբ հայտնաբերվել և առգրավվել է կաշառքի առարկան։
Առերևույթ հանցագործության դեպքերի առթիվ ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցվել է քրեական գործ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով, կաշառք ստացած պաշտոնյան և փորձաքննություն նախաձեռնած տնտեսվարողը ձերբակալվել են։
Նախաքննությունը շարունակվում է: