«Փաստ» թերթը գրում է. «Այս տարվա սեպտեմբերի 10-17-ն ընկած ժամակահատվածում Երևանում կայանալիք ուշուի և քունգֆուի 3-րդ Եվրոպայի գավաթի անցկացման ապահովման նպատակով ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությանը այս տարվա առաջին կիսամյակում պետք է հատկացվի 14 միլիոն 707 հազար դրամ՝ ՀՀ 2018թ․-ի պետական բյուջեով նախատեսված կառավարության պահուստային ֆոնդի հաշվին՝ բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Նվիրատվություններ այլ շահույթ չհետապնդող կազմակերպություններին» հոդվածով:

Համաձայն 2018թ. հունվարի 24-ի Հայաստանի ուշուի ֆեդերացիայի և Եվրոպայի ուշու–քունգֆուի ֆեդերացիայի միջև կնքված պայմանագրի` ուշուի և քունգֆուի 3-րդ եվրոպական գավաթը անցկացվելու է սեպտեմբերի 10–17–ը Հայաստանի Հանրապետության մայրաքաղաք Երևանում: Համաձայն Հայաստանի ուշուի ֆեդերացիայի կողմից ներկայացված հաշվարկների՝ Եվրոպական գավաթի անցկացման ծախսերը կազմում են 135 միլիոն 749 հազար դրամ, որից պետական աջակցությունից ակնկալվող գումարը կազմում է 14 միլիոն 707 հազար դրամ:

Ուշու մարզաձևը ներառված է Միջազգային օլիմպիական կոմիտեի օրակարգում՝ օլիմպիական մարզաձև ճանաչվելու համար։ Նախագծի համաձայն՝ Հայաստանում Եվրոպական գավաթի անցկացումը նպատակ ունի մասսայականացնելու ուշուն Հայաստանում և տարածաշրջանում և բարձրացնելու Հայաստանի Հանրապետության հեղինակությունը Եվրոպայում՝ որպես բարձրակարգ առաջնություններ բարձր մակարդակով անցկացնելու կարողունակ պետություն: