Հայաստանը ամենառազմականացված երկրների ցանկում երրորդն է. BICC տարեկան զեկույց
Բոնի միջազգային կոնվերցիայի կենտրոնը (BICC - Bonn International Center for Conversion) հրապարակել է համաշխարհային ռազմականացման տարեկան զեկույցը։ Զեկույցի ընդհանուր միտումը ռազմական ակտիվության, պաշտպանական ծախսերի և աշխարհում առկա հակամարտությունների քանակի աճն է:
Աշխարհում ամենառազմականացված երկրների ցանկում առաջին տեղն ավանդաբար զբաղեցնում է Իսրայելը, որտեղ, մոտ 9 միլիոն բնակչությամբ, զինված ուժերը կազմել են 169 հազար զորք և 465 հազար պահեստազոր: Ռազմական ծախսերը կազմում են ՀՆԱ-ի 4,3 տոկոսը:
Իսրայելին հաջորդում են Սինգապուրը և Հայաստանը, այնուհետ Կիպրոսը, Հարավային Կորեան, Ռուսաստանը, Հունաստանը, Հորդանանը, Բելառուսը և Ադրբեջանը: Առաջին տասնյակի բոլոր երկրները, բացառությամբ Ադրբեջանի, պահպանել են իրենց տեղերը, իսկ Ադրբեջանը ռազմականացման առումով բարձրացել է 12-րդից 10-րդ հորիզոնական:
Հայաստանը զեկույցում զբաղեցնում է աշխարհում ամենառազմականացված եկրների 3-րդ տեղը, իսկ ահա Եվրոպայում Հայաստանն առաջին տեղում է։
Զեկույցի հեղինակները՝ Մաքս Մութշլերը և Մարիուս Բալեսը, նշում են Ռուսաստանը (6-րդ տեղ), որպես երկիր, որը դեռևս ունի աշխարհում ամենամեծ ռազմական հնարավորություններից մեկը և վերջին մի քանի տարիների ընթացքում արդիականացրել է ռազմական տեխնիկան և կատարելագործել պաշտպանական տեխնոլոգիական հնարավորություններ: ՆԱՏՕ-ի եվրոպական երկրները, հատկապես Բալթյան և արևելյան Եվրոպական երկրները նորից շարունակում են զինվել՝ նշելով, որ շարունակվում է լարվածությունը Ռուսաստանի հետ:
«Հայաստանի և Ադրբեջանի միջև չկարգավորված անջատողական հակամարտությունը Լեռնային Ղարաբաղի շրջանի պատճառով շարունակում է Հարավային Կովկասում ռազմականացումը պահել շատ բարձր մակարդակի վրա։ Երկու երկրներն էլ՝ Բաքուն և Երևանը, ներկայումս արդիականացնում են հին բանակը և օդուժի զենքի համակարգերը, որոնց համար նրանք տարբեր լայնամասշտաբ պայմանագրեր ունեն ռուսական զենք արտադրողների հետ: Արդյունքն այն է, որ աճում են ռազմական ծախսերը երկու կողմից»,- ասվում է զեկույցում։
Ասիայում բարձր ռազմականացված երկրների ցանկը գլխավորում է, ինչպես և նախորդ տարիներին, Սինգապուրը՝ 2-րդ տեղ, իսկ ահա Չինաստանը 94-րդ տեղում է։ ԱՄՆ-ը ցանկում զբաղեցնում է 31-րդ տեղը, Թուրքիան՝ 19-րդ։