Թուրք իրավապաշտպան Օսման Քավալային արդարացրած դատավորների դեմ Թուրքիայում հետաքննություն է սկսվելու
Թուրքիայում հետաքննություն կսկսվի այն դատավորների դեմ, ովքեր Գեզի այգու գործով մեղադրյալների, այդ թվում՝ հայամետ գործիչ Օսման Քավալայի նկատմամբ արդարացրած վճիռներ են կայացրել: Այս մասին գրում է Էրմենիհաբեր-ը։
Հաղորդվում է, որ Թուրքիայի Դատավորների ու դատախազների խորհուրդը թույլտվություն է տվել հետաքննություն սկսել Գեզի այգու գործով որոշում կայացրած Ստամբուլի 30-րդ ծանր հանցագործությունների դատարանի նախագահ Գալիփ Մեհմեթ Փերքի, դատարանի անդամներ Ահմեթ Չիֆթիօղլուի ու Թալիփ Էրգենի նկատմամբ:
Հիշեցնենք՝ 2013թ-ին տեղի ունեցած Գեզի այգու հակակառավարական ցույցերի գործով «Թուրքիայի Հանրապետության կառավարությունը տապալելու փորձի» մեջ մեղադրվող 16 անձանցից կալանքի տակ էր գտնվում միայն Օսման Քավալան. Բոլոր մեղադրյալներին սպառնում էր ցմահ բանտարկություն:
Փետրվարի 18-ին կայացված որոշումով միակ կալանավորված մեղադրյալ Քավալան ազատ արձակվելուց հետո անմիջապես ձերբակալվել էր: Քավալային այս անգամ նույն մեղադրանքը առաջադրվել է 2016թ-ին Թուրքիայում տեղի ունեցած ռազմական հեղաշրջման փորձի գործի շրջանակներում:
Նշենք, որ Օսման Քավալան հայտնի հասարակական գործիչ է: Հիմնադրել և երկար տարիներ ղեկավարել է «Anadolu Kültür» հիմնադրամը՝ տարիներ շարունակ իրականացնելով նաև հայկական մշակույթը ներկայացնող միջոցառումներ։ Քավալան ընդունել է Հայոց ցեղասպանության փաստը և խստիվ դատապարտել այն։