Տարվա 10 լավագույն մարզիկներին պարգևատրելու համար Կառավարությունը 50 մլն դրամ կհատկացնի
2019թ-ի դեկտեմբերի 25-ին կայացած «Տարվա 10 լավագույն մարզիկներ» մրցույթի արդյունքում լավագույն 10 մարզիկներից յուրաքանչյուրին Կառավարությունը կպարգևատրի 5 մլն դրամով:
Հաշվի առնելով այն, որ լավագույն տասնյակին պարգևատրելու միջոցառման ծրագիր 2019թ-ի բյուջեով նախատեսված չի եղել, և այն չի իրականացվել, անհրաժեշտություն է առաջացել այս տարի լավագույն տասնյակին խրախուսելու։
Պարգևատրման նպատակով ԿԳՄՍ նախարարությանը 2020թ-ի առաջին եռամսյակում կհատկացվի 50 մլն դրամ՝ Հայաստանի Հանրապետության 2020թ-ի պետական բյուջեով նախատեսված Կառավարության պահուստային ֆոնդից։
ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի խոսքով՝ տարին օլիմպիական է և սկսած փետրվարի 23-ից՝ մարզիկները մասնակցելու են վարկանիշային մրցաշարերի և ուսումնամարզական հավաքների, 2020թ-ին Տոկիոյում կայանալիք Օլիմպիական խաղերից առաջ մարզիկներին ոգեշնչելու, խրախուսելու և մեծարելու համար նպատակահարմար են գտել կազմակերպել և անցկացնել 10 լավագույն մարզիկների պարգևատրման երեկո:
«Օլիմպիական խաղերում առաջին տեղը զբաղեցրած մարզիկը կստանա 20 մլն դրամ, երկրորդ տեղը՝ 15 մլն դրամ, երրորդ տեղը՝ 10 մլն դրամ»,- նշել է ԿԳՄՍ նախարարը:
Վարչապետ Փաշինյանի խոսքով՝ Կառավարությունը պետք է փոխի իր վերաբերմունքն ու ընկալումը սպորտի նկատմամբ:
«Մինչև 2050թ-ի ծրագրում ես առաջարկել եմ, որ կետ ֆիքսենք, որ Հայաստանը պետք է ունենա առնվազն 25 օլիմպիական մեդալ, նվաճի շախմատի աշխարհի անհատական չեմպիոնի կոչումը, և Ֆուտբոլի ազգային հավաքականը պետք է դառնա Աշխարհի կամ Եվրոպայի առաջնության մրցանակակիր»,- նշել է վարչապետը:
Տարվա լավագույն 10 մարզիկներն են Արթուր Ալեքսանյանը, Ռուբեն Ալեքսանյանը, Արթուր Ավետիսյանը, Հովհաննես Բաչկովը, Սլավիկ Գասպարյանը, Տիգրան Կիրակոսյանը, Արսեն Հարությունյանը, Սիմոն Մարտիրոսյանը, Գոռ Մինասյանը և Հակոբ Մկրտչյանը։
Տասնյակի մեծարման երեկոն կանցկացվի փետրվարի 21-ին, նախագահի նստավայրում: