Գինեկոլոգ Ռազմիկ Աբրահամյանին նոր մեղադրանք է առաջադրվել
«Վերարտադրողական առողջության, պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտի» տնօրեն Ռազմիկ Աբրահամյանի մեղադրանքը փոփոխվել և լրացվել է, նրան նոր մեղադրանք է առաջադրվել, ավելի խստացված:
Նոր մեղադրանքն առաջադրվել է Քրեական օրենսգրքի 167-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով, այսինքն՝ երեխային առանց ծնողների համաձայնության նրանցից բաժանելը, որը կատարվել է կազմակերպված խմբի կողմից։ Այդ մասին տեղեկությունը հաստատել է Աբրահամյանի պաշտպան Հովհաննես Քոչարյանը, տեղեկացնում է «Հետք»-ը:
Պաշտպանը նշել է, որ Քննչական կոմիտեն Աբրահամյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացրել դատարան, որը բավարարվել է, սակայն կիրառվել է այլընտրանքային խափանման միջոց գրավ՝ 5 մլն դրամի չափով:
Քոչարյանն ասել է նաև, որ Աբրահամյանն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում։ Պաշտպանի խոսքով՝ որևէ առերեսում չի եղել, չնայած այն հանգամանքին, որ գործում Աբրահամյանի ցուցմունքին հակասող ցուցմունքներ կան։