Կասեցվել է «Ագրոպրոդ» ՍՊԸ-ի կաթնամթերքի արտադրամասի գործունեությունը
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի մասնագետ-տեսուչները վերահսկողություն են իրականացրել «Ագրոպրոդ» ՍՊԸ-ին՝ «Norma» ապրանքանիշ, պատկանող կաթնամթերքի արտադրամասում (մի շարք մանկապարտեզների մատակարարվել է այս ընկերության կաթնամթերքը):
Վերահսկողության ընթացքում պարզվել է, որ արտադրական, օժանդակ ու կենցաղային սենքերը, սննդամթերքի հետ անմիջական շփման մեջ են գտնվող սարքավորումները, գործիքներն ու այլ պարագաները չեն պահվել մաքուր և նորոգ վիճակում, չեն ենթարկվել պատշաճ ախտահանման։ Անձնակազմը չի պահպանել անձնական հիգիենայի կանոնները և չի կրել համապատասխան մաքուր, անհրաժեշտության դեպքում՝ սանիտարական հագուստ, ավելին՝ նրանցից երկուսը չեն ունեցել սանիտարական գրքույկներ, չեն ենթարկվել նախնական և պարբերական բժշկական զննության։
Նշված սանիտարահիգիենիկ խախտումներն անհամատեղելի են սննդամթերքի որևէ արտադրության հետ, ուստի Տեսչական մարմինը կասեցել է «Ագրոպրոդ» ՍՊԸ գործունեությունը, տրվել է ժամկետ թերությունները վերացնելու համար: Տրվել է նաև կարգադրագիր բժշկական զննության չանցած երկու աշխատակիցներին ժամանակավորապես աշխատանքի չթույլատրելու մասին: