2020թ-ի հունվարի 1-ից չաշխատող անձանց նպաստի իրավունքը կվերականգնվի առանց նոր դիմում ներկայացնելու
2020թ-ի հունվարի 1-ից հետո մայրության նպաստ նշանակելու համար դիմումին կից ծննդօգնության պետական հավաստագիր չի պահանջվի: Միաժամանակ, մայրության նպաստը կնշանակվի Կառավարության սահմանած կարգով՝ բժշկական հաստատության տված ժամանակավոր անաշխատունակության թերթիկի հիման վրա։ Այս մասին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից ներկայացված նախագիծն այսօր հավանության է արժանացել Կառավարության կողմից:
Բացի այդ, 2020թ-ի հունվարի 1-ից հետո մայրության նպաստ նշանակելու համար դիմած և ծննդօգնության պետական հավաստագիրը չներկայացնելու հիմքով մերժված, չաշխատող անձանց նպաստի իրավունքը կվերականգնվի՝ առանց նոր դիմում ներկայացնելու:
Այն դեպքում, երբ դիմում չի ներկայացվել, մայրության նպաստ նշանակելու դիմումը և անհրաժեշտ փաստաթղթերը կարող են ներկայացվել որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից 140-օրյա ժամանակահատվածում:
Բանն այն է, որ գործող կարգավորումների համաձայն՝ «Պետական նպաստների մասին» օրենքի 23.2-րդ հոդվածի 2-րդ, 3-րդ մասերի համաձայն` չաշխատող անձին մայրության նպաստ նշանակելու համար հիմք է հանդիսանում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված ծննդօգնության պետական հավաստագիրը: Երեխայի ծննդյան օրվա դրությամբ ծննդօգնության պետական հավաստագիրը չստացած կնոջը մայրության նպաստ չի նշանակվում, բացառությամբ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած դեպքերի:
Ծննդօգնության պետական հավաստագրերը տրամադրվել են Առողջապահության նախարարի 2008թ-ի մայիսի 30-ի N 761-Ա հրամանով սահմանված կարգով: Այդ հրամանը Առողջապահության նախարարի 2019թ-ի դեկտեմբերի 13-ի N 3748-Ա հրամանով ճանաչվել է ուժը կորցրած և 2020թ-ի հունվարի 1-ից քաղաքացիներին ծննդօգնության պետական հավաստագրեր չեն տրամադրվում: Ընդ որում, ծննդօգնության ծառայությունը պետության կողմից գերազանցապես մատուցում է անվճար (փոխանակման քարտերի հիման վրա): Արդյունքում, անձինք չեն կարողանում իրականացնել մայրության նպաստի իրենց իրավունքը։
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից ներկայացված և հավանության արժանացած այս լուծումը ժամանակավոր է՝ մինչև «Պետական նպաստների մասին» օրենքում համապատասխան փոփոխություններ կատարելը: