Երեկ կինոռեժիսոր, վավերագրական կինոյի մեծ վարպետ Միքայել Վարդանովի ծննդյան օրն էր:

Այդ առիթով Ազգային պատկերասրահը կազմակերպել է բացառիկ ցուցադրություն՝ վերջին 51 տարվա ընթացքում առաջին անգամ ներկայացնելով նրա 1969թ-ի «Հայկական հողի գույնը» ֆիլմը, որտեղ նկարահանվել են բազմաթիվ հայ արվեստագետներ: Սովետական շրջանում ստեղծված և հետագայում արգելված այդ կինոժապավենը նկարիչներ Մինաս Ավետիսյանի առաջին և Մարտիրոս Սարյանի վերջին նկարահանումն էր կինոյում:

Հանդիպումը կանցկացնի Լոս Անջելեսի «Փարաջանով-Վարդանով» ինստիտուտի տնօրեն Մարտիրոս Վարդանովը: Կինոդիտումից հետո արվեստագետները կպատմեն հուշեր Միքայել Վարդանովի մասին:

Նշենք, որ ֆիլմի ցուցադրությունը տեղի կունենա փետրվարի 25-ին՝ ժամը՝ 15:00-ին, Ազգային պատկերասրահի որմնանկարների սրահում:

Վավերագրական կինոյի վարպետ՝ ռեժիսոր, օպերատոր, սցենարիստ և արվեստագետ Միքայել Վարդանովը ռուսական Կինոակադեմիայի գլխավոր մրցանակի և Սան Ֆրանցիսկո և Բեվերլի Հիլզ միջազգային փառատոնների դափնեկիր։ 2010թ-ին Հոլիվուդում ստեղծվել է Փարաջանով-Վարդանով ինստիտուտը (անգլ՝ Parajanov-Vartanov Institute)՝ Սերգեյ Փարաջանովի և Միքայել Վարդանովի ստեղծագործություններն ուսումնասիրելու նպատակով։