Մարտի 1-ից Արցախում կգործի երիտասարդ ուսուցիչներին այլ բնակավայր գործուղելու դեպքում հավելավճար տրամադրելու նոր կարգ: Այդ մասին ասել է Արցախի կրթության, գիտության և սպորտի նախարար Նարինե Աղաբալյանը:

Նախարարի խոսքով՝ գործող կարգով ուսուցիչն ուղեգրվում էր այլ բնակավայր 3 տարով, իսկ ցանկության դեպքում նաև կնքվում էր երկրորդ պայմանագիրը՝ ևս 3 տարով, տեղեկացնում է Արցախպրեսս-ը։

«Ուսումնասիրվել են ուղեգրման արդյունքները, և պատրաստ է նոր նախագիծը, որի համաձայն՝ հանվելու է կիլոմետրերի սահմանափակումը: 30 կմ և ավելի հեռավորությամբ ուղեգրվող ուսուցիչը ստանալու է և կեցության վարձ՝ 20 հազար դրամի չափով, և հավելավճար՝ 50 տոկոսի չափով, իսկ մինչև 30 կմ հեռավորության վրա ուղեգրվող ուսուցիչների դեպքում կամ փոխհատուցվելու է տրանսպորտային ծախսը, եթե օգտվում են երթուղային տրանսպորտից, կամ էլ ոչ մասնակի փոխհատուցվելու են նրանց ծախսերը»,- մանրամասնել է Աղաբալյանը: