Պորտուգալիայի խորհրդարանը ձայների ճնշող մեծամասնությամբ օրինականացրել է էվթանազիան՝ չեղարկելով քրեական հետապնդումը սեփական ցանկությամբ կյանքից հեռանալուն նպաստելու համար:

Մի քանի հասարակական խումբ խնդրել էր թույլ տալ բուժանձնակազմի մասնակցությամբ էվթանազիան անբուժելի հիվանդների համար: Խնդրագրերից մեկը հարյուրավոր բժիշկներ են ստորագրել: Հարցին հավանություն են տվել նաև սոցիալիստական և «կանաչների» կուսակցությունները, տեղեկացնում է euronews-ը:

2018թ-ի մայիսին Պորտուգալիայի խորհրդարանը մերժել էր նմանատիպ նախաձեռնությունը 5 ձայնի տարբերությամբ: Այս անգամ այն հավանության արժանացավ՝ չնայած բուռն բողոքներին, որոնց մասնակցում էին կաթոլիկ կազմակերպությունները, մի շարք տեղական ԶԼՄ-ներ և Պորտուգալիայի բժիշկների ասոցիացիան:

Էվթանազիայի հակառակորդներն այն համարում են տարեց մարդկանց հետ «հաշվեհարդարի բաղադրատոմս» և պնդում, որ այդ կերպ կյանքից հեռանալը հակասում է բուժաշխատողների առանցքային սկզբունքներին: Կողմնակիցները, իրենց հերթին, պնդում են, թե անբուժելի հիվանդություններով տառապողները պետք է ունենան կյանքից կամավոր հեռանալու օրինական հնարավորություն: