Արարատի մարզի Ավշար համայնքի բնակիչ Գրիգոր Խուրշուդյանի մանկահասակ երեխան մանկապարտեզ չի հաճախում, քանի որ գյուղում համայնքային մանկապարտեզ չկա, իսկ մասնավոր նախակրթարանի վճարը մեկ ամսվա համար 40 հազար դրամ է։ Հարևան Արարատ քաղաքի մանկապարտեզներում էլ ոչ տեղացի երեխաների համար 22 հազար դրամ վարձավճար է սահմանված։ Այս մասին գրում է «Հետք»-ը։

Գրիգորի 3 երեխաներից միայն ավագն է հաճախել Ավշարի մանկապարտեզ, նա այժմ սովորում է դպրոցում։ Գրիգորն ասում է, որ համայնքում գյուղատնտեսությամբ զբաղվող մարդու համար 22.000 դրամը շոշափելի գումար է, ոչ բոլորը կարող են իրենց թույլ տալ ամսական այդքան գումար վճարել ու երեխային տանել Արարատի մանկապարտեզներ։

«Այն հարկերն ու տուրքերը, որ վճարում ենք համայնքին, վճարում ենք, որ ինչ֊որ բանից օգտվենք, եթե չենք օգտվելու, չենք վճարի, էդ գումարով մեր երեխաներին ավելի լավ տեղ կտանենք, կամ ամեն մարդ էդ վճարած հարկի գումարով իր փողոցը կասֆալտապատի, դռան դիմաց լույս կանցկացնի, բա հարկեր տալու իմաստը ո՞րն է, տալիս ենք, որ ճանապարհները բարեկարգվի, լուսավորվի, որ պայմաններ ստեղծվի երեխաների համար, բայց մինչև էսօր դեռ էն մինիմալն էլ չկա։ Մեծ գյուղ է, բայց մանկապարտեզ չունի, դա նորմա՞լ է, եթե մենք մեր վճարած հարկերի դիմաց ոչինչ չենք ստանալու, գյուղապետարան կոչվող կառույցը ինչի՞ համար է գործում»,- ասում է Գրիգորը։

Նա նաև նշել է, որ համայնքում գործող մասնավոր նախակրթարանի ամսական վճարը 40.000 դրամ է, ինչը հասանելի չէ գյուղի բնակիչների մեծ մասին։ «Եթե գյուղացիներից շատերին հասանելի չէ ամսական 22.000 վճարել ու իրանց երեխաներին Արարատի մանկապարտեզներ տանել, պարզ չի՞, որ 40.000 վճարելու հնարավորություն շատ քչերը կունենան»,- նշել է Գրիգորը։

Ավշար գյուղում խորհրդային տարիներին կառուցվել և շահագործման է հանձնվել երեք մասնաշենք ունեցող մանկապարտեզի միայն մեկ մասնաշենքը։ Մյուս երկու մասնաշենքերը կիսակառույց էին մինչև նախորդ տարի։ Ավշարի ավագանին 2016թ-ին մանկապարտեզի կապիտալ նորոգումը ներառել էր համայնքի զարգացման քառամյա ծրագրում։ 2017թ-ին Կառավարությունը գումար էր հատկացրել Ավշարի մանկապարտեզի նորոգման համար, սակայն նույն տարվա աշնանը 35 միլիոն դրամը վերադարձել է Կառավարություն։ Պաշտոնական պարզաբանմամբ, մանկապարտեզի շենքը վթարային է եղել, և նոր է այդ հանգամանքն ի հայտ եկել։ Ավշարի ավագանին էլ 2017թ-ի վերջում որոշել է մանկապարտեզի գործող և 2 չգործող վթարային մասնաշենքերը ապամոնտաժել։

Համայնքի երեխաներն այդ պահից սկսած զրկվել են նախադպրոցական կրթությունից։ Մանկապարտեզի գույքը հետագայում դրվել է աճուրդի։ Քանի որ որոշվել է մանկապարտեզն ապամոնտաժել, 2018թ-ին էլ ավագանին որոշվել է շենքի պանելները աճուրդով վաճառել։ Ո´չ մանկապարտեզի գույքի, ո´չ էլ երկաթբետոնե կոնստրուկցիաների աճուրդների արդյունքների մասին տեղեկություններ չկան։ Մանկապարտեզի տարածքում մեր այցելության ժամանակ ապամոնտաժման աշխատանքներ էին ընթանում։ Բանվորները քանդում էին երբեմնի գործող մանկապարտեզի համեմատած բարվոք մասնաշենքը, իսկ մյուս երկու մասնաշենքերից մեկը հողին էր հավասարեցված։

Ավշարի բնակիչների մի մասը իրենց երեխաներին տանում է Արարատ քաղաքում գործող մանկապարտեզներ, որոշները` համայնքում վերջերս բացված մասնավոր նախակրթարան, մյուս և հիմնական մասի երեխաները պարզապես մանկապարտեզ չեն հաճախում։

2020թ-ի հունվարի 14-ին Արարատ քաղաքի ավագանու արտահերթ նիստի ընթացքում որոշվել է համայնքի ենթակայության մանկապարտեզներից օգտվողների համար Արարատ քաղաքի երեխաների դեպքում սահմանել 5000 դրամ վճար, իսկ այլ համայնքների երեխաների համար՝ 22.000 դրամ: Ավշար համայնքի բնակիչներն ասում են, որ Արարատի մանկապարտեզների վարձավճարի թանկանալուց հետո, շատերը չունեն հնարավորություն իրենց երեխաներին մանկապարտեզ տանելու։

Գյուղացիների շրջանում տարածված տեսակետ կա, որ Ավշարում բացված «Լապտերիկ» խնամքի կենտրոնի տնօրեն Ռուբինա Դավթյանը կապ ունի համայնքապետ Սուրիկ Գրիգորյանի ընտանիքի հետ, որոնք էլ Ռուբինա Դավթյանին օգնել են Ավշարում նման կենտրոն բացելու հարցում։ Համայնքի ղեկավար Սուրիկ Գրիգորյանը ԱԺ նախկին պատգամավոր Արայիկ Գրիգորյանի և Արարատի նախկին մարզպետ Արամայիս Գրիգորյանի եղբայրն է։

«Հետք»-ի հետ զրույցում Ռուբինա Դավթյանը նշել է, որ «Լապտերիկ» կենտրոնը գործում է 2019թ-ի հունիսի 1-ից։ Ռուբինա Դավթյանը Երևան քաղաքի բնակիչ է, նրա խոսքով՝ մինչ խնամքի կենտրոն բացելը տեղյակ չի եղել, որ գյուղում մանկապարտեզ չկա, պարզապես ցանկացել է Արարատի մարզում մանկական խնամքի կենտրոն բացել և Ավշար համայնքում է հարմար տարածք գտել։ Նա ասաց նաև, որ մինչև օրս անձամբ չի էլ ճանաչում ո՛չ համայնքապետ Սուրիկ Գրիգորյանին, ո՛չ էլ նրա ընտանիքի անդամներին։

Թեմայի շուրջ փորձեցինք պարզաբանում ստանալ Ավշարի համայնքապետ Սուրիկ Գրիգորյանից։ Նա տեղում չէր։ Մեր հարցերին պատասխանեց համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար Հովիկ Ղուկասյանը։ Նա հավաստիացրեց, որ Քաղաքաշինության կոմիտեի ստեղծած համապատասխան հանձնաժողովը մանկապարտեզի շենքը գնահատել է վթարային, շենքը ենթակա չէ հետագա շահագործման։ Այդ պատճառով էլ որոշվել է քանդել շենքը ու մոտ ապագայում սկսել նոր մանկապարտեզի շինարարական աշխատանքները։

«2020թ-ի մարտ-ապրիլ ամիսներից համայնքի սեփական միջոցներով նախատեսվում է սկսել մանկապարտեզի շինարարական աշխատանքները, հիմա բոլոր նախադրյալներն ունենք` և´ ֆինանսական, և´ նախագծային։ Մանկապարտեզը կառուցվելու է նախկին մանկապարտեզի տեղում, որտեղ այս պահին ընթանում են քանդման աշխատանքներ»,- ասել է Հովիկ Ղուկասյանը։

Նրա խոսքով՝ բնակիչները սկսել են պատշաճ կերպով վճարել հարկերը, որն էլ թույլ է տալիս գյուղի բյուջեի հաշվին նման ծավալի աշխատանքներ սկսել։

«Նախատեսվում է կառուցել 21-րդ դարի պահանջներին համապատասխան, ավելի կոմպակտ, անհրաժեշտ բոլոր հարմարություններով հագեցած մանկապարտեզ, գյուղի մանկահասակ երեխաների թիվը հաշվի առնելով` մեր նախնական հաշվարկներով, մանկապարտեզը նախատեսված կլինի 150-ից ավել երեխաների համար»,- ասել է Ղուկասյանը։