Հայաստանի և Արցախի հերոս Մոնթե Մելքոնյանի մասին փաստավավերագրական ներկայացում է պատրաստվում։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Վիրաբյանը:

Փոխքաղաքապետը նշել է, որ նախագծի վրա աշխատում են Մելքոնյանի կնոջ՝ Սեդա Գպրանյան-Մելքոնյանի հետ, և համատեղ են պատրաստում ստեղծագործությունը, որի հիման վրա պետք է բեմադրվի ներկայացումը:

«Ներկայացման հիմքում լինելու են Մոնթեի՝ Սեդային հասցեագրված նամակները, որոնք արտացոլում են Մոնթեի կյանքի տարբեր շրջափուլեր, այդ թվում` Արցախյան պատերազմի ժամանակահատվածը»,- գրել է Վիրաբյանը:

Նա հույս է հայտնել, որ մինչև տարեվերջ պատրաստի նյութ կլինի և կսկսեն բեմադրական աշխատանքները:

«Այդ փուլում նախագծի աշխատանքներում կներգրավվեն Հայաստանում ոլորտի լավագույն ստեղծագործողներից շատերը, որպեսզի ունենանք Հայաստանի և Արցախի ազգային հերոս Մոնթե Մելքոնյանին արժանի ներկայացում»,- գրել է փոխքաղաքապետը: