Հանրապետության տարածքում փետրվարի 26-29-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Փետրվարի 25-ին շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային շրջաններում` ձյան, հովտային գոտում` անձրևի տեսքով:

Քամին՝ արևմտյան՝ 3-8 մ/վ, փետրվարի 25-ին առանձին հատվածներում սպասվում է քամու ուժգնացում` 15-20 մ/վ, բուք։

Օդի ջերմաստիճանը փետրվարի 25-ի ցերեկը, 26-ի գիշերը կնվազի 8-10 աստիճանով, այնուհետև աստիճանաբար նույնքան կբարձրանա:

Երևան քաղաքում փետրվարի 26-29-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Փետրվարի 25-ին սպասվում են տեղումներ, բարձրադիր գոտում` թաց ձյուն, ցածրադիր գոտում` անձրև:

Այսօր ժամը 08:50-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ:

Արագածոտնի մարզի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները դեռ անորոշ ժամանակ փակ կլինեն:

Վարդենյաց լեռնանցքը փակ է (բուք է) բոլոր տեսակի ավտոմեքենաների համար: Շիրակի մարզում առկա են տեղումներ ձյան տեսքով: Գյումրի քաղաքում և Աշոցք գյուղում բուք է: Լանջիկ-Մաստարա ավտոճանապարհին տեղ-տեղ առկա է մերկասառույց:

Փետրվարի 25-ի ամբողջ օրը հյուսիսային շրջաններում` հատկապես լեռնային գոտիներում, սպասվում է բուք, և տեղումներ՝ ձյան և ձնախառն անձրևի տեսքով:

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար: