Այսօր հայ զորահրամանատար, պետական գործիչ, ֆիդայապետ Զորավար Անդրանիկի ծննդյան օրն է։

Անդրանիկ Օզանյանը ծնվել է 1865թ-ին Արևմտյան Հայաստանի Շապին Գարահիսար քաղաքում: Նա հաճախել է տեղի Մուշեղյանը դպրոց 1875-1882թթ. և այնուհետև աշխատել է հոր ատաղձագործություն խանութում։ 1892թ-ին միացել է նորաստեղծ Հայ հեղափոխական դաշնակցությունը։ Համիդյան ջարդերի ընթացքում, Անդրանիկն այլ ֆիդայիների հետ միասին պաշտպանել է Մուշի և Սասունի հայկական գյուղերը թուրք և քուրդ զինվորների հարձակումներից։ 1897թ. Վազգեն Տերոյանի խմբի կազմում Անդրանիկը երկրորդ անգամ է մտնում Արևմտյան Հայաստան, ուր մնում է մինչև 1904թ-ը։

Գլխավորել է Սերոբին սպանող Բշարե Խալիլի սպանությունը, 1901թ-ի Առաքելոց վանքի կռիվները։ 1902-1904թթ-ին Անդրանիկի ջոկատները թուրքերի և քուրդ մուսուլմանների դեմ մարտեր էին մղել Սասունում, Տարոնում և Վասպուրականում։ 1905թ-ին Անդրանիկն անցել է Կովկաս, որտեղ հայկական ազգային շարժման երևելի գործիչների հետ քննարկել է օսմանյան լծի դեմ հետագա պայքարի հարցերը։ Դրանից հետո Անդրանիկը մեկնել է երկարատև ճանապարհորդության, որի ընթացքում այցելել է Ֆրանսիա, Շվեյցարիա, Բելգիա, Անգլիա, Բուլղարիա և Իրան՝ հանրությանը տեղեկացնելով Արևմտահայաստանի հայերի ազգային-ազատագրական պայքարի ու դրա հետ կապված զենքի ձեռք բերման անհրաժեշտության մասին։ Բուլղարիայում Անդրանիկը գրել է իր «Մարտական հրահանգները»՝ ընդհանրացնելով պարտիզանական պայքարի փորձը։ 1912թ-ին Անդրանիկը հայ կամավորներից կազմակերպել է վաշտ, որը մտել է բուլղարական բանակի աշխարհազորի կազմի մեջ։ Հայ ռազմիկները հերոսություն են ցուցաբերել Միսթանլի, Ուզուն, Մերեֆտե, Շար-Կիո և այլ քաղաքների համար մղված մարտերում։ Անդրանիկը մասնակցել է գեներալ Յավեր փաշայի թուրքական կորպուսի ջախջախմանը։ Բուլղարական հրամանատարությունը բարձր է գնահատել հայկական վաշտի մասնակցությունը Առաջին Բալկանյան պատերազմին։Առաջին Աշխարհամարտը սկսվելուն պես Անդրանիկը շտապել է Կովկաս։ 1914թ-ի օգոստոսի 12-ին Թիֆլիսում նա հանդիպել է Կովկասյան ռազմական շրջանի զորքերի գերագույն հրամանատար Միշլաևսկուն ու հայտնել Թուրքիայի դեմ պատերազմին մասնակցելու պատրաստակամության մասին։ Անդրանիկին հանձնարարվել է ձևավորել և գլխավորել առաջին հայկական կամավորական գունդը։ Այդ գնդին գլուխ կանգնած՝ Անդրանիկը անհավասար մարտեր է մղել թուրքական զորքերի դեմ ու հեղինակություն է նվաճել ռուսական ռազմական հրամանատարության շրջանում։

1915-1916թթ-ին Կովկասյան ճակատի մարտերում ցուցաբերած անձնական արիության և հայկական գնդի հաջողությունների համար Անդրանիկը պարգևատրվել է Գեորգիևյան 4-րդ աստիճանի մեդալով, Գեորգիևյան 4-րդ և 3-րդ աստիճանի խաչերով, Սբ. Ստանիսլավի 2-րդ աստիճանի սրի և Սբ. Վլադիմիրի 4-րդ աստիճանի շքանշաններով։

1918թ-ի հունվարի 30-ին թուրքական զորքերը, Մեհմեդ Վեհիբ փաշայի հրամանատարությամբ, Էրզրումի,Վանի և Մերձծովյան ուղղություններով անցել են մեծամասշտաբ գործողությունների: Անդրանիկը վիթխարի դեր է խաղել Զանգեզուրի պաշտպանությունում։

Բախվելով Անտանտի դաշնակիցների, Հայաստանի հանրապետության որոշ ղեկավարների և բոլշևիկների դավաճանությանը, զորավարը ստիպված է եղել հեռանալ արտասահման։

Անդրանիկը մահացել է 1927թ-ի օգոստոսի 30/31-ին, Չիքո (Սակրամենտոյի մոտ) քաղաքի Ռիչարդսոն Սփրինգսհանքային ջրերի առողջարանային համալիրում՝ սրտի կաթվածից (ԱՄՆ) և սեպտեմբերին թաղվել Ֆրեզնոյի «Արարատ» գերեզմանատանը։ 1928թ-ի հունվարին նրա աճյունը փոխադրվել է Փարիզ և վերաթաղվել Պեր-Լաշեզ գերեզմանոցում, իսկ տարիներ անց (2000) այն տեղափոխվել է հայրենիք՝ Երևանի Եռաբլուր պանթեոն։ Նրա գերեզմանի հուշարձանին գրված է՝ «Զորավար Հայոց»։

Զորավար Անդրանիկը իր ռազմական կարիերայի ընթացքում պարգևատրվել է մի շարք մեդալներով և շքանշաններով։ Անդրանիկի սուրը և պարգևները տեղափոխվել են Հայաստան և հանձվել են Հայաստանի պատմության թանգարանին։