«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանին սպառնալու փաստով հարուցվել է քրեական գործ ՀՀ Քրեական օրենսգրքի 137 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Հայտնել է Գլխավոր դատախազության հանրային կապերի վարչության պետ Արևիկ Խաչատրյանը, գրում է Panorama.am-ը։

ՔՕ Հոդված 137. Սպանության, առողջությանը ծանր վնաս պատճառելու կամ գույք ոչնչացնելու սպառնալիքը
1. Սպանության, առողջությանը ծանր վնաս պատճառելու կամ խոշոր չափի գույք ոչնչացնելու սպառնալիքը, եթե այդ սպառնալիքն իրականացնելու իրական վտանգ է եղել՝
պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի հիսնապատիկից հարյուրհիսնապատիկի չափով, կամ կալանքով՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով:

Հիշեցնենք՝ փետրվարի 11-ին կայացած ասուլիսում Մարուքյանը հայտարարել էր, որ ԱԺ-ում իր ելույթից հետո ինքն ու կուսակից ընկերները ստանում են սպառնալիք պարունակող նամակներ.

«Ես դրա մասին հրապարակային գրառում եմ արել։ Հիմա ուզում եմ ասել, որ որևէ իրավապահ մարմին չի կապվել ինձ հետ՝ հասկանալու համար, թե ի՞նչ սպառնալիքների մասին է խոսքը։ Քաղաքական գործիչը հայտարարում է, որ ինքը սպառնալիքներ է ստանում, զրո արձագանք իրավապահ մարմինների կողմից։ Սա նորմալ է, ատելության գեներացիան իշխանությունների կողմից է, իշխանություն ինչի՞ պիտի արձագանքի դրան։ Ես հիասթափված եմ։ Երևի սպասում են, որ մեկին գնդակահարեն, հետո գնան ասեն՝տաք հետքերով գտանք գնդակահարվածին, ման եկանք, չգտանք, ով է գնդակահարել»,- ասել է պատգամավորը։

Նա հայտնել էր, որ ինքը հաղորդում է ներկայացրել գլխավոր դատախազին։