Հայաստանի հանրապետական կուսակցության նախագահ, ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը փետրվարի 25-ին մեկնարկող դատավարությունում ներգրավված է որպես մեղադրյալ «շինծու և անհեթեթ պատրվակով», որի մասին ասվում է ՀՀԿ գործադիր մարմնի հայտարարությունում:

«Կասկածելի հանգամանքներում կորզած, ընդամենը մեկ ցուցմունքի հիման վրա նրա նկատմամբ գործի հարուցումը, քննության ընթացքում Հատուկ քննչական ծառայության կողմից գործած ապօրինությունները, պետական քարոզչամեքենայի կողմից Սերժ Սարգսյանին կողմնակալ թիրախավորումը վկայում են գործի բացառապես ուղղորդված և պատվիրված լինելու մասին, որի շրջանակներում քրեական փաթեթավորմամբ իրականացվում է քաղաքական շարժառիթներով պայմանավորված գործընթաց»,- ասվում է հայտարարության մեջ:

ՀՀԿ գործադիր մարմնից նշում են, որ նման քայլերով գործող իշխանությունը նպատակ ունի «շեղելու ժողովրդի ուշադրությունը ներքին և արտաքին բազմաթիվ այլ խնդիրներից»:

ՀՀԿ ԳՄ-ն դատական իշխանությունից պահանջում է ապահովել ամբողջությամբ արդար և օրինական դատավարական գործընթաց:

Ասվում է նաև, որ անհրաժեշտության դեպքում ձեռնարկվելու են բոլոր օրինական միջոցները՝ Սերժ Սարգսյանի «իրավունքները, ազատությունն ու արժանապատվությունը պաշտպանելու համար»: