ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը՝ անդրադառնալով լուրերին, թե ինքն ու Գագիկ Ծառուկյանը փաստաթուղթ են ստորագրել, որով Ռոբերտ Քոչարյանին պետք է ազատ արձակեն, այսօր ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտնել է, որ դա սուտ է։

Նա նշել է, որ իրեն թվացել է այդ հերքումը բավական է, սակայն հասարակության լայն շերտերում վերոնշյալ ինֆորմացիան ընդունվել է որպես ճշմարտություն։

«Ընկերս ինձ զանգեց, ասաց, որ տաքսու մեջ է։ Երբ վարորդն իմացել է, որ ուղևորը լոռեցի է, նրան ասել է՝ ձեր լոռեցին իրեն լավ չի պահում, գնացել, ստորագրել է Քոչարյանի ազատ արձակման համար »,- պատմել է Մարուքյանը։

Ըստ Մարուքյանի․

«Այդ լուրը տարածել է մի շնաբարո դուրսպրծուկ՝ նպատակ ունենալով մարդկանց լավատեսությունը ԼՀԿ-ի նկատմամբ կրճատելու։

Հետո ինչ-որ «հե-հե-հե.am», «հա-հա-հա.am» այդ նյութը տարել են, իրենց պատերին տեղադրել, պատրաստել յութուբյան կադրեր, ապա գովազդելով դրանք տարածել են։ Դրանից հետո շնաբարո դուրսպրծուկը իր էջից ջնջում է այդ նյութը, իսկ մնացյալ տեղերում այն մնում է»,- պարզաբանել է Մարուքյանը։

Նա ասել է, որ նման փաստաթուղթ չի ստորագրել և չէր էլ կարող դա անել։

Մարուքյանը ներկայացրել է ևս մեկ ինֆորմացիա, որն իր խոսքով, իրականությանը չի համապատասխանում։

«Ասում են, որ մենք ու ՀՅԴ-ն աջակցում ենք «ոչ»-ի շտաբին։ Ուզում եմ հիշեցնել՝ մենք դեմ ենք քվեարկել սահմանադրական փոփոխությունների ծրագրին և չենք մասնակցելու որևէ գործողության»,- նշել է Մարուքյանը։

Նա շեշտել է, որ իրենց դեմ այլանդակ հակաքարոզչություն է ընթանում։