Հայաստանում կորոնավիրուսի հաստատված դեպք չկա․ Առողջապահության նախարարություն
Համաձայն ՀՀ Առողջապահության նախարարության՝ փետրվարի 25-ի դրությամբ Հայաստանում կորոնավիրուսի հաստատված դեպք չկա։
«Երկրում նոր վիրուսի դեմ պայքարի ուղղությամբ ձեռնարկված միջոցառումները շարունակվում են` թե կազմակերպչական, թե ախտորոշման ուղղությամբ: Նախարարությունը ձեռք է բերել ախտորոշիչ թեստերի նոր խմբաքանակ և այդ առումով որևէ խնդիր չկա:
Ձեռնարկվել են միջոցառումներ` դիմակներ և ախտահանիչ նյութեր ձեռք բերելու ուղղությամբ, չնայած հանրապետության բոլոր բժշկական հաստատություններում դրանք առկա են:
Չինաստանի Առողջապահության պետական հանձնաժողովի ամենօրյա զեկույցի համաձայն՝ փետրվարի 25-ին՝ ժամը 13:00-ի դրությամբ, կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) հաստատված դեպքերի թիվը կազմել է 77,782, կասկածելի դեպքերի թիվը՝ 2824, հաստատված դեպքերից առողջացածների թիվը՝ 27,554, գրանցվել է 2666 մահ: Այս պահի դրությամբ ծանր վիճակում է գտնվում 9126 պացիենտ:
Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալների համաձայն՝ ընդհանուր առմամբ, աշխարհում փետրվարի 24-ի դրությամբ վիրուսի լաբորատոր հաստատված դեպք 79,331 կար, որից 77,262-ը՝ Չինաստանում, 2595-ը՝ մահվան ելքով:
Վերը նշված տվյալները փաստում են, որ Չինաստանում իրավիճակի կայունացումը շարունակվում է:
Ինչ վերաբերում է Իրանում արձանագրված դեպքերին, ապա, փետրվարի 25-ին՝ ժամը 13:00-ի դրությամբ, արձանագրվել է 61 դեպք, որից 15-ը՝ մահվան ելքով:
Աշխարհում համաճարակային իրավիճակի և Հայաստանում ձեռնարկվող միջոցառումների մասին պարբերաբար կտրվի տեղեկատվություն:
Առողջապահության նախարարությունը հորդորում է.
- Միջազգային ուղևորություններ ծրագրելիս՝ հաշվի առնել տվյալ երկրի համաճարակային իրավիճակը,
- Խուսափել շնչառական վարակներով հիվանդների հետ շփումից, անհնարինության դեպքում` օգտագործել անհատական պաշտպանիչ միջոցներ (դիմակներ),
- Տուն մտնելուց հետո և սնունդ ընդունելուց առաջ ձեռքերը լվանալ,
- Գրիպանման երևույթների առկայության դեպքում չզբաղվել ինքնաբուժմամբ, դիմել բժշկի` նշելով վերջին 14 օրվա ընթացքում ունեցած ճանապարհորդության մասին»: