Պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչության աշխատակիցներն օրերս Բագրատաշենի անցակետում կանխել են ընդհանուր շուրջ 46 կգ տարբեր տեսակի դեղամիջոցի անօրինական ներմուծման դեպքեր: այս մասին տեղեկացնում է ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը:

Մի դեպքով` վարչության աշխատակիցները Հայաստանի քաղաքացու ավտոմեքենայի բեռնախցիկի ծածկոցի տակ գտնվող թաքստոցից և շարժիչի օդազտիչի պլաստմասե տուփից հայտնաբերել են մաքսային հսկողությունից թաքցված տարբեր տեսակի 10 կգ դեղամիջոցներ:

Բագրատաշենի անցակետում Մաքսանենգության դեմ պայքարի վարչության աշխատակիցները` ՀՀ մեկ այլ քաղաքացու տրանսպորտային միջոցի զննությամբ, մեքենայի ցուցիչների վահանակի հետնամասից և պահեստային անվադողի միջից հայտնաբերել են մաքսային հսկողությունից թաքցված շուրջ 36 կգ դեղամիջոց:

Դեպքերով ՀՀ մաքսային օրենսգրքի 201-րդ հոդվածի իրավախախտման հատկանիշներով, Մաքսանենգության դեմ պայքարի վարչությունում նախապատրաստված նյութերը տրամադրվել են ՊԵԿ իրավաբանական վարչությանը: