Հրատարակվել է Միհրան Ղազարյանի «Բիթլիս 1915» ականատեսի վկայություններ գիրքը
Գրեթե 105 տարի առաջ Օսմանյան Թուրքիայի իշխանությունների կողմից 1,5 հայ է բնաջնջվել, տեղահանվել հայրենիքից: Ապրիլի 24-ը պայմանականորեն Հայոց ցեղասպանության օր է համարվում, քանի որ 1915թ-ի ապրիլի 24-ին Կոստանդնապոլսում ձերբակալվել է շուրջ 600 հայազգի մտավորական։
Այսօր ողջ հայությունը հարգում է նահատակված հայերի հիշատակը: Բազմահազար մարդիկ՝ Հայաստանից, Լեռնային Ղարաբաղից, Սփյուռքից, օտարերկրյա հյուրեր այսօր Երևանում այցելում են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, հարգանքի տուրք մատուցում 20-րդ դարի սկզբին Ցեղասպանության զոհ դարձած ավելի քան մեկևկես միլիոն հայերի հիշատակին: Օսմանյան Թուրքիայում հայերի դեմ իրականացված ցեղասպանության 105-րդ տարելիցին նվիրված հիշատակի միջոցառումներ են նախատեսված արտերկրում` Հայաստանի դիվանագիտական ներկայացուցչությունների, Սփյուռքի կառույցների նախաձեռնությամբ, տեղի պետական, քաղաքական ու հասարակական գործիչների մասնակցությամբ:
Ապրիլի 24-ին հիշատակի արարողություններ են կատարվում Հայաստանի բոլոր շրջաններում, աշխարհի տարբեր երկրների հայկական համայնքներում: Բողոքի կոչ է բարձրացվում Թուրքիայի մերժողական քաղաքականության դեմ և ուղերձ հղվում միջազգային հանրությանը` ճանաչելու 20-րդ դարասկզբի մեծագույն ոճրագործությունը` դրանով թույլ չտալով ցեղասպանությունների կրկնություն: Մեր օրերում կան բանահավաքներ ու պատմաբաններ, ովքեր ինչպես հայերեն, այնպես էլ օտար լեզուներով ներկայացնում են այս իրողությունը:
Վերջերս հրատարակվել է Միհրան Ղազարյանի «Բիթլիս 1915» ականատեսի վկայություններ գիրքը: Սա ութսունամյա 1915թ. Հայոց եղեռնի վերապրողի հուշերն են, որոնց նա ականատես է եղել 13 տարեկան հասակում: Հեղինակը գրող չէ, սա նրա առաջին ու միակ գիրքն է: Նա գրքում ներկայացրել է իր ընտանիքի, հարևանների, բիթլիսցիների ողբերգական ճակատագիրը:
Հեղինակը գրում է նաև այն թուրքերի մասին, ովքեր վտանգելով սեփական կյանքը, փրկում էին հայերին՝թաքցնելով նրանց իրենց տներում: Գրքում ամբողջովին պահպանվել են վերապրողի յուրահատուկ ոճն ու լեզուն:
Գրքի խմբագիրը հեղինակի դուստրն է՝Ջուլիետա Ղազարյանը: Այն դեռևս թարգմանվել է ռուսերեն լեզվով:
Ջուլիետա Ղազարյանը զրույցի ընթացքում պատմել է․
«Հայրս այս գիրքը գրել է ողջ կյանքի ընթացքում, գրել է ոչ թե իր ցավը թղթին հանձնելով, այլ պատմելով զավակներին, հետո՝թոռներին, հետո նաև ծոռներին այն ողբերգական իրադարձությունների մասին, որոնց ականատեսն ու մասնակիցն էր ինքը: Պատմել է արցունքն աչքերին, բայց ո՛չ չարացած աշխարհի դեմ: Գրել էր ութսունը բոլորելուց հետո, երբ այլևս անկարող էր դիմանալ հոգու խորքում կուտակված ցավին»,- հայտնում է լրագրող Գարիկ Ավետիսյանը։
Փետրվարի 25-ին, Զորավար Անդրանիկի ծննդյան 155-ամյակի օրը,Երևանի Քաղաքապետարանի Ավետիք Իսահակյանի անվան կենտրոնական գրադարանում տեղի է ունեցել Միհրան Ղազարյանի «Բիթլիս 1915» ականատեսի վկայություններ գրքի շնորհանդեսը, որին ներկա էին պատմաբաններ, գրականագետներ, գրողներ, արվեստագետներ, մանկավարժներն:
Ցերեկույթի վերջում կազմակերպիչներին ու ներկաներին ուղղված շնորհակալական ելույթով հանդես եկավ գրքի խմբագիր Ջուլիետա Ղազարյանը: