Հունահռոմեական ըմբշամարտի օլիմպիական փոխչեմպիոն, աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն, ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արսեն Ջուլֆալակյանը լրագրողների հետ ընթացող ասուլիսում Հունահռոմեական ըմբշամարտի «մարզական շտաբ կոչվածի» հայտարարությունները որակեց մերկապարանոց, փաստերի խեղաթյուրում, կոնտեքստից կտրված մտքեր, կեղծիքներ։

«Եվ ամենակարևորը՝ դրժվեցին պայմանավորվածություններ։ Դրան անմիջապես հաջորդեց իմ ֆեյսբուքյան գրառումը, որին ծանոթ եք»,- ասել է մարզիկը՝ ավելացնելով, որ ասուլիսում պատասխանելու է հնչեցված անհիմն մեղադրանքներին։

Նրա խոսքով, ասուլիսից հետո մարզիչ Ալեքսանյանը, երևի հասկանալով, թե ի՞նչ սխալ հայտարարություններ է արել, փորձել է թեման տեղափոխել զգացմունքային դաշտ։ Հիշեցնենք, որ խոսքը Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի մարզիչ Գևորգ Ալեքսանյանի մասին է, որը Արթուր Ալեքսանյանի հայրն է։

«Այո, մանկությունից իրար ընտանիքներով գիտենք, բայց ցավոք, ստացվեց այնպես, որ գիտեինք, բայց չենք ճանաչում։ Նաև ևս մեկ հայտարարություն արեց, թե մեր ազնիվ պայքարով մենք կարող ենք վնասել մեր բարի համբավը։ Մեզ ճանաչողները գիտեն, որ մեր ընտանիքի համար բարի համբավից կարևոր բան չկա՝ լինի պաշտոն, գումար, ինչ-որ տիտղոս։ Պատկերացրեք, թե ինչքա՞ն արդար ենք մեր պայքարում, որ այդ քայլին գնում ենք, եթե մի փոքր կասկած ունենայինք, բացարձակ նույնիսկ չէինք փորձի միջամտել այս պայքարին։ Իսկ թե ովքե՞ր ու ի՞նչ հետևողականությամբ են փորձում բարի համբավից զրկել իրենք իրենց, դա թող դատի հանրությունն ու ընդհանուր շրջապատը»,- ասել է նա։

Օլիմպիական խաղերի 77 կգ քաշային կարգում մասնակցի ընտրության հետ կապված նա խնդիր է տեսնում։ Ինքն էլ նույն քաշային կարգում է։ Հայաստանի ըմբշամարտի մարզչական խորհուրդը 77 կգ քաշային կարգում օլիմպիական ուղեգիրը վստահել է Կարապետ Չալյանին, որն էլ 2019թ․ աշխարհի առաջնությունում նվաճել էր այդ ուղեգիրը և սկսել է պատրաստվել խաղերին։

«Բոլորը գիտեն, թե ի՞նչ կեղտոտ խաղեր են կազմակերպվում 77 քաշային կարգում որոշումների հետ»,- ասել է Արսեն Ջուլֆալակյանը։

Ֆեդերացիայի նախկին մարզիչ Լևոն Ջուլֆալակյանն էլ հայտարարեց՝ մտադիր չէին հարցը հանրայնացնել, բայց հնչել են զրպարտանքներ, վիրավորել են իրենց ինքնասիրությունը, ու անարդարություն է եղել։

«Սա չի կարելի անտեսել և թողնել, որ շարունակվի»,- ասել է Ջուլֆալակյանը։

Վկայակոչելով իր փորձն ու անցած ճանապարհը՝ ավագ Ջուլֆալակյանն ասել, որ իրենց նպատակն է 77 կգ քաշային կարգում ներկայացնել մարզիկ, ով իսկապես արժանի է և պատրաստ անցնել այդ ճանապարհը։