Արարատի մարզում 2017թ-ից հետո սոցիալական նպաստ ստացող, սակայն դրա կարիքը չունեցող 1027 շահառու դուրս է մնացել ցուցակներից, հայտարարել է Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը:

«Փարոսակիրների ցուցակներն ենք մաքրել: Դրանցից հանվել են այն մարդիկ, որոնց մոտ փաստաթղթով ամեն ինչ կարգին է, սակայն ունեն խանութ, լավ տուն, մեքենա, բայց բոլորն իրենց անունով չեն»,- ասել է Սարգսյանը, փոխանցում է «Սպուտնիկ Արմենիա»-ն:

Նրա խոսքով՝ տարիներ շարունակ հարյուրավոր մարդիկ ստացել են սոցնպաստ՝ դրա կարիքը չունենալով, մինչդեռ մի շարք կարիքավոր ընտանիքներ դուրս են մնացել ցուցակներից:

Սարգսյանը հայտարարել է, որ ցուցակները մաքրելուց հետո անապահով 60 ընտանիք խոշոր եղջերավոր կենդանի է ստացել:

Մարզպետի խոսքով՝ երկու սոցաշխատակից զգուշացվել է. նրանք օբյեկտիվ չեն եղել ընտանիքների կարիքավորության աստիճանը գնահատելիս: