«Սասնա ծռեր» կուսակցությունը կոչ է անում չեղարկել Մարտի 1-ի երթը՝ հաշվի առնելով կորոնավիրուսի բռնկման վտանգը՝ նշելով, որ «բազմամարդ երթ կազմակերպելու վերաբերյալ գործող իշխանության կոչն անպատասխանատու և ազգային անվտանգության համար խիստ վտանգավոր» քայլ է:

Հայտարարության մեջ ասվում է նաև, որ «անպատասխանատու գործելակերպը դարձել է ներկայիս իշխանությունների հիմնական հատկանիշը»:

Հայտարարության մեջ նշվում է նաև, որ շուտով 2 տարին կլրանա, ինչ իշխանությունն ասում է, թե մարտի 1-ի գործը բացահայտված է, սակայն սպանությունների մեղավորները հայտնի չեն:

«Միայն Ռոբերտ Քոչարյանը և նրա մի քանի մեղսակիցներն են կիսատ-պռատ ու խախուտ մեղադրանքներով հայտնվել դատարանում... իսկ Սերժ Սարգսյանը, ընդամենը դիզվառելիքի գործով մեկ ուրիշ դատական ներկայացման դերասան է»,- ասվում է հայտարարության մեջ:

«Իշխանություններն իրենց բանավոր ելույթներում ընդունում են, որ առնվազն 2008 թ. Մարտի 1-ից հետո ակնհայտ է դարձել, որ ընտրությունները կեղծելով իշխանությունը շարունակաբար յուրացրած ռեժիմն արդեն ամբողջությամբ տապալել է սահմանադրական կարգը, ...սակայն հրաժարվում են նշվածը որպես պաշտոնական իրավաքաղաքական գնահատական արձանագրել ՀՀ ԱԺ որոշմամբ և դրանից բխող քայլեր ձեռնարկել»,- ասվում է հայտարարության մեջ։