Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը հայտարարել է, որ Հայաստանի պատմական մայրաքաղաք Դվինի հնավայրի տարածքում թանգարան կկառուցվի: Նա նաև նշելել է, որ դա նախատեսված է ՀՀ էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության պետական կոմիտեն 2020թ-ի ծրագրով:

«Թանգարանը կկառուցվի հենց Դվին հնավայրի տարածքում, որտեղ կան գտածոներ, պատմամշակութային արժեք ներկայացնող էքսպոնատներ, որոնք այս պահին բաց երկնքի տակ են և վնասվելու հավանականությունը մեծ է: Ուստի դեռևս վաղուց էր նախատեսված այնտեղ կառուցել թանգարան»,- հավելել է Սարգսյանը, տեղեկացնում է «Փաստինֆոն»:

Սարգսյանի խոսքով՝ հիմնանորոգվելու է նաև 18 կմ ճանապարհահատված, որն Արարատի մարզը կապելու է Կոտայքին, ինչը մարզպետի կարծիքով զբոսաշրջային լավ ուղղություն է:

«Զբոսաշրջիկներն անմիջապես Գառնիից կարող են գալ Դվին: Այս տարի կառավարության կողմից 500 կմ ճանապարհահատվածի 27 կմ-ը բաժին է հասնում Արարատի մարզին»,- նշել է մարզպետը։

Նա նաև տեղեկացրել է, որ Խոր Վիրապի համալիրի ավտոկայանատեղիի և աստիճանավանդակի կառուցման աշխատանքներն ընթացքի մեջ են։