«Այո»-ի նախընտրական շտաբի ղեկավար Սուրեն Պապիկյանը հայտարարել է․

«Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի «Այո»-ի ակտիվ քարոզչության փուլը մեկնարկելու է մարտի 2-ից և տևելու է մինչև ապրիլի 3-ը»։

Նա հավելել է, որ «Այո»-ի քարոզչությունը նախատեսել են իրականացնել մի քանի շերտով:

«Նպատակն է հանրությանը ներկայացնել այն կարևոր կետերը, որոնք շարժառիթ են հանդիսացել սահմանադրական փոփոխությունների համար», - ասել է նա, տեղեկացնում է Aysor.am-ը:

Պապիկյանը նշել է, որ այժմ արձակուրդում է, մի պահ կվերադառնա աշխատանքի՝ պայմանավորված Վրաստան այցով, այնուհետև կրկին արձակուրդ կմեկնի:

«Նիկոլ Փաշինյանը ևս նախատեսում է մասնակցել քարոզարշավին և, ըստ անհրաժեշտության, կլինի արձակուրդում», - ասել է նա:

Անդրադառնալով քարոզարշավի տեխնիկական կողմին՝ Պապիկյանը նշել է, որ ամեն օր տասը սպրինտերով շրջելու են գյուղերում և հանդիպելու ընտրողներին:

«Մարտի 10-ից կմեկնարկի քարոզչական մեկ այլ խմբի շրջայց։ Բեմ-մեքենաներով կլինենք հանրապետության բոլոր բնակավայրերում: Այն քաղաքներում, որտեղ կկանգնեն մեր մեքենաները, կլինեն նաև հանրահավաքներ: Մենք շեշտադրումն արել ենք վերջին մեկ ամսվա վրա», - ասել է «Այո»-ի նախընտրական շտաբի ղեկավարը: