Երևանի առաջին ատյանի դատարանը՝ նախագահությամբ դատավոր Վահե Միսակյանի, հրապարակել է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի պաշտպանի՝ մեղադրող դատախազ Արսեն Մարտիրոսյանին բացարկ հայտնելու միջնորդության վերաբերյալ որոշումը։

Դատավոր Վահե Միսակյանը հայտարարել է, որ Սերժ Սարգսյանի պաշտպան Ռուբեն Հակոբյանի կողմից մեղադրող Մարտիրոսյանին հայտնած բացարկը մերժվում է: Նա դատարանի որոշման մասին հրապարակել է խորհրդակցական սենյակից վերադառնալուց հետո:

Դատական հաջորդ նիստը կայանալու է մարտի 26-ին` ժամը 15:00-ին:

Հիշեցնենք, որ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի՝ Ավանի և Նոր Նորք նստավայրում նախօրեին մեկնարկել է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի և մյուսների գործով դատավարությունը: Ս. Սարգսյանի պաշտպանը բացարկ էր հայտնել դատախազին:

Այս քրեական գործով ընդհանուր առմամբ 5 մեղադրյալ կա։ Սերժ Սարգսյանից բացի մեղադրանքներ են առաջադրվել նաև գյուղատնտեսության նախկին նախարար Սերգո Կարապետյանին, նախկին փոխնախարար Սամվել Գալստյանին, վարչության պետ Գևորգ Հարությունյանին, գործարար Բարսեղ Բեգլարյանին։