«Ամուսնալուծությունների գործերի քանակն ավելացել է»,- այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց փաստաբան Արամազդ Կիվիրյանը՝ նշելով, որ այս մասին վկայում է իր ունեցած պրակտիկ վիճակագրությունը։ Փոխանցում է պանորամա-ն։

Նրա կարծիքով՝ ամուսնալուծությունների հիմնական մասն ունեն սոցիալական արմատներ, որն էլ ստիպում է անձանց գնալ այդ քայլին։

«Ամուսնալուծությունների խնդրի հետ կապված մեծ անելիք կա դատական մասով, դատարաններն ունեն որոշակի պարտականություն՝ հաշտեցնել կողմերին։ Հիշեցնեմ, որ դատարանն իրավունք ունի որոշ ժամկետ տրամադրել կողմերին՝ բանակցելու և առկա իրավիճակը հասկանալու համար, ինչն էլ շատ դեպքերում կարող է օգնալ այդ քայլին չգնալու»,- ասաց փաստականը։

Նա նշեց, որ ճիշտ է, դատարանն այդ ժամկետը տրամադրում է որոշ դեպքերում, բայց այն ավելի շատ ձևական կողմ է կրում։

«Այստեղ մեծ անելիքներ ունեն երկու կողմերի ներկայացուցիչները։ Նրանք այս գործընթացին պետք է նայեն ոչ թե միայն որպես գործ, այլ փորձեն իրենց հերթին նույնպես հաշտեցման եզրեր գտնել»,-ասաց Արամազդ Կիվիրյանը։

Նա նաև հավելեց, որ կողմերը բացի դատարանից, ամուսնալուծվում են նաև Քաղաքացիության կացության ակտերի գրանցման մարմիններում համատեղ դիմում ներկայացնելով. «Ըստ իմ դիտարկման այնտեղ նույնպես դիմումների ծավալն ավելացել է»։