ԶՊՄԿ-ի պոչամբարից գետ լցված աղտոտ պարզվածքի փաստով վարչական վարույթ է հարուցվել
ԶՊՄԿ-ի պոչամբարից գետ լցված աղտոտ պարզվածքի փաստով վարչական վարույթ է հարուցվել, ինչի արդյունքում պարզ կդառնա շրջակա միջավայրին հասցված վնասի չափը, դրա հիման վրա էլ՝ ԶՊՄԿ-ին պատասխանատվության ենթարկելու հարցը: Այս մասին հայտնել են Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնից, գրում է «Հետք»-ը։
Երեկ «Հետք»-ը գրել էր Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատին (ԶՊՄԿ) պատկանող Արծվանիկի պոչամբարից Նորաշենիկ գետ թափվող պարզվածքում հայտնաբերված տարրերի մասին, որոնք թույլատրելիից շատ են եղել: Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը լաբորատոր հետազոտությամբ պարզել էր, որ փետրվարի 3-ին Նորաշենիկ թափված պարզվածքում թույլատրելի սահմանային արտահոսքը (ԹՍԱ) գերազանցել են պղինձը (14 անգամ), մոլիբդենը (5,7 անգամ), մանգանը (129 անգամ), ցինկը (5 անգամ): Մի շարք այլ պարամետրերով եւս ԹՍԱ-ն գերազանցվել է: