Լեգենդար հետախույզ Գևորգ Վարդանյանի մասին գիրք է հրատարակվել
Ռուսաստանում ներկայացվել է լեգենդար հայ հետախույզ Գևորգ Վարդանյանին նվիրված «Գործակալը, որը գերազանցեց Աբվերը» գիրքը: Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ այս գրքով սկիզբ է դրվել հայրենական արտաքին հետախուզության 100-ամյակին նվիրված գրքերի շարքի ներկայացմանը:
Գրքի հեղինակ, Դոնի Ռոստովի բնակիչ Խաչիկ Խութլուբյանը պատմել է, որ գիրք գրելու առաջարկը ստացել է ՌԴ արտաքին հետախուզության ծառայության մամլո կենտրոնի ղեկավար Սերգեյ Իվանովից:
«Նրա պապը Ռուսաստան է տեղափոխվել Իրանից: Գևորգը ծնվել է Ռոստովում, կյանքի վերջին տարիներին հաճախ էր գալիս այստեղ: Ես նրան գիտեի: Ինձ միշտ զարմացնում էր նրա ոչ այնքան մեզ բնորոշ նրբաճաշակությունը, հասանելիությունը, հեշտ շփումը, խելքը»,- պատմել է գրքի հեղինակը:
Գ. Վարդանյանը ծնվել է 1924թ. փետրվարի 17 -ին Դոնի Ռոստովում: 1940թ-ից ղեկավարել է հատուկ խումբը, որն զբաղվում էր Թեհրանում և այլ քաղաքներում ֆաշիստ գործակալների և գերմանացի հետատխույզների բացահայտմամբ։
Նրա կենսագրական պատմության մեջ հատկապես նշվում է 1943թ-ը, երբ Թեհրանում կայանալիք կոնֆերանսին 19-ամյա հետախույզը պետք է ապահովեր Հիտլերի կոալիցիայի երկրների առաջնորդների՝ Ստալինի, Չերչիլի և Ռուզվելտի անվտանգությունը: Հայ հետախույզին և նրա գործընկերներին հաջողվել է կանխել այդ եռյակի դեմ ֆաշիստական Գերմանիայի ծրագրած մահափորձը։ Ավելի քան երեք տասնամյակ անց այս պատմությունը հիմք է դարձել «Թեհրան-43» ֆիլմի համար։
1951թ-ին ավարտել է Երևանի պետական համալսարանի օտար լեզուների ֆակուլտետը։ Հետագայում նա հետախուզական բազմաթիվ օպերացիաներ է իրականացրել աշխարհի տարբեր երկրներում։ Հայազգի հերոսն իր ծառայությունը շարունակել է մինչև 1992թ։ Անգամ թոշակի անցնելուց հետո, Գևորգ Վարդանյանը ակտիվորեն համագործակցել է արտաքին հետախուզության ծառայության հետ, հանդիպել է երիտասարդ գործընկերներին և նրանց է փոխանցել իր հարուստ կենսափորձը։
Գևորգ Վարդանյանն արժանացել է ԽՍՀՄ հերոսի կոչման, պարգևատրվել է Լենինի, Կարմիր դրոշի, Մեծ Հայրենականի 2-րդ աստիճանի շքանշաններով և բազմաթիվ մեդալներով։ Մահացել է 2012թ-ի հունվարի 10-ին: