«Սասնա ծռեր» համահայկական կուսակցության պատվավոր անդամ Ժիրայր Սեֆիլյանը «Առաջին լրատվական»-ի եթերում խոսել է սահմանադրական հանրաքվեին «Սասնա ծռեր»-ի հնարավոր մասնակցության մասին:

«Բնական է, որ մենք չենք կարող լինել «Ոչ»-ի դաշտում: Անշուշտ, համաձայն ենք, որ ՍԴ գործող յոթ անդամները կամ դատավորները օր առաջ ազատվեն այդ պաշտոններից, սակայն, թե ինչ եղանակով ենք մասնակցելու առաջիկա հանրաքվեի գործընթացին, տակավին չենք որոշել, մենք ունենք բազմաթիվ մտահոգություններ՝ այս հապճեպ որոշման կապակցությամբ, դժբախտաբար, գործող իշխանություններն այս հարցում նվազագույն խորհրդակցական-խորհրդատվական կարծիք չեն հարցրել հեղափոխական ուժերից: Մենք պետք է իշխանությանը փոխանցենք մեր մտահոգությունները՝ հասկանալով, որ որոշումը կայացված է, հետքայլ հնարավոր չէ անել, պետք է քննարկենք, թե ինչպես վերացնել այն ռիսկերը, որ մենք տեսնում ենք»,- ասել է նա:

Հարցին, թե ռիսկերը քաղաքակա՞ն դաշտում է տեսնում, թե՞ իրավական, Սեֆիլյանը պատասխանել է. «Ռիսկեր ենք տեսնում մեր երկրի զարգացման, ներքաղաքական իրավիճակի հետ կապված, գործող իշխանությունների տապալման հետ կապված: Այդ չմտածված, անհեռանկար որոշման պատճառով, որ հապճեպ կայացրել են, ոչ թե միայն իշխանության տապալում կարող է լինել, այլ դա նաև երկրի քաղաքականությանը վնասներ կպատճառի: Մեր կարծիքով՝ հանրաքվեից հետոն լավ հաշվարկված չէ, բազմաթիվ սցենարներ կարող են լինել: Ստեղծված իրավիճակի հետ կապված մեր մտահոգություններն ուզում էինք փոխանցել իշխանությանը, բայց, դժբախտաբար, նրանք հրաժարվեցին մեզ հետ որևէ խոսակցություն ունենալ… Առաջիկա օրերին մեր շարժման և այլ քաղաքական փորձագետների շրջանակում մեր քննարկումները կշարունակենք, դրանից հետո մեր հայտարարությունը կանենք, թե ինչ եղանակով ենք մասնակցելու այս գործընթացին»: