Վերաքննիչ դատարանում մեկնարկել է 2001թ-ին Երևանի «Առագաստ» սրճարանում Պողոս Պողոսյանի սպանության գործով դատավճռի դեմ Գլխավոր դատախազության բողոքի քննությունը։

Գլխավոր դատախազությունը պնդում է, որ ի հայտ են եկել նոր հանգամանքներ՝ գործը վերաբացելու և նոր մեղադրյալներ ներգրավելու համար։ Բեկանելու դեպքում գործը կուղարկվի Երևանի ընդհանուր իրավասության դատարան՝ նոր քննության։

Դատական նիստին ներկա է եղել Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի թիկնազորից «Կուկու» մականունով հայտնի Աղամալ Հարությունյանը, որն այդ գործով երկու տարվա պայմանական ազատազրկման էր դատապարտվել անզգույշ սպանության հատկանիշներով, տեղեկացնում է «Ազատություն» ռադիոկայանը։

Մեկնարկից մոտ 40 րոպե անց նիստն ընդմիջվել է Աղամալ Հարությունյանի կողմի միջնորդությամբ։ Նրանք խնդրել են ժամանակ տալ գործի նյութերին ծանոթանալու համար։ Հաջորդ դատական նիստը կկայանա մարտի 27-ին։