Այսօր դերասան, սցենարիստ, կատակերգու Վարդան Պետրոսյանը դառնում է 61 տարեկան:

Ծնվել է գիտնականի ընտանիքում` 1959թ.։ Մանկությունն անցել է Երևանի կենտրոնում՝ Խանջյան փողոցում գտնվող հայրական բնակարանում։ Սովորել է Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստական ուսումնարանում, որից հետո Երևանի պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտի դիզայնի բաժնում։ 1988թ. Վահրամ Սահակյանի հետ ստեղծել է Երիտասարդ Ոզնիներ թատրոնը, որն, այնուհետև վերանվանվելով «Ոզնիներ», առաջին հայկական ոչ պետական երիտասարդական թատրոնն էր։ 1992թ. բնակվում է Փարիզում` հանդես գալով սեփական հեղինակային ներկայացումներով, ինչպես նաև, որպես դերասան մասնակցել է ֆրանսիացի ռեժիսոր Ռոբեր Օսեյնի բեմադրություններում:

2000թ. հանդես է եկել հեղինակային ներկայացումներով, որոնց մեջ ներառված էր քաղաքական սուր հումոր` ամփոփված շոուի մեջ:

Վարդան Պետրոսյանի ներկայացումներից են` «1000 ու մի ելք», «Խաղում ենք 1700: Հիսուս էր նրա անունը» (2001թ., նվիրված Հայաստանում քրիստոնեության ընդունման 1700-ամյակին), «Կրակի մեջ», «Խոստովանություն թատրոնում», «Ճակատագրի կատակներ», «Սեռասարսափ», «Պարոնայք 50-50» և այլն: