Մոսկվայում նախատեսում են կանգնեցնել խորհրդային շրջանի լեգենդար հայազգի հետախույզ Գևորգ Վարդանյանի հուշարձանը: Այդ մասին հայտարարել է ՌԴ Արտաքին հետախուզության ծառայության պաշտոնական ներկայացուցիչ Սերգեյ Իվանովը:

«Հուշարձանի տեղադրման փաստաթղթերը քաղաքապետարանի քննարկման են ներկայացված, այնտեղ դրական են վերաբերվել այդ գաղափարին»,- ասել է Իվանովը, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:

Հուշարձանը նախատեսվում է տեղադրել Նոր Մոսկվայի №2070 դպրոցի հարևանությամբ, որը կարող է անվանակոչվել Գևորգ Վարդանյանի անունով: Քանդակի հեղինակն է ճարտարապետ Ալեքսանդր Գոլովաչովը:

Վարդանյանի հետախուզական գործունեության պատմության մեջ հատկապես նշվում է 1943թ-ը, երբ Թեհրանում կայանալիք կոնֆերանսին գործընկերների հետ պետք է ապահովվեր 3 խոշոր տերության ղեկավարի (Իոսիֆ Ստալին, Ֆրանկլին Ռուզվելտ, Ուինսթոն Չերչիլ) անվտանգությունը։ Հայ հետախույզին և նրա գործընկերներին հաջողվել էր կանխել այդ եռյակի դեմ ֆաշիստական Գերմանիայի ծրագրած մահափորձը։ Այդ իրադարձություններից տասնյակ տարի անց Գևորգ Վարդանյանին է հանդիպում Ուինսթոն Չերչիլի թոռնուհին և հատուկ շնորհակալություն հայտնում իր պապի կյանքը փրկելու համար։

Հայ հետախույզն արժանացել է ԽՍՀՄ հերոսի կոչման, պարգևատրվել Լենինի, Կարմիր դրոշի, Մեծ Հայրենականի 2-րդ աստիճանի շքանշաններով և բազմաթիվ մեդալներով։