Գործադիրն այսօրվա նիստում որոշեց ներկայացված ներդրումային ծրագրի շրջանակներում հարկային արտոնություն տրամադրել «Սահլևս» ՍՊԸ-ին՝ ազատելով նրան մաքսատուրքից:

«Սահլևս» ընկերության կողմից ներմուծվող ապրանքներն օգտագործվելու են կենցաղային կրակայրիչների արտադրության համար։ Ներմուծվող ապրանքները չեն ներմուծվում ԵԱՏՄ անդամ երկրներից, քանի որ չեն բավարարում ընկերության տեխնիկական պահանջներին։

Ըստ հիմնավորման՝ արտոնության առկայությունը լուրջ խթան կհանդիսանա նոր ներդրումային ծրագրերի իրականացման և որպես հետևանք նոր աշխատատեղերի ստեղծման, ներդրումների ներգրավման, տեղական արտադրության և արտահանման խթանման համար:

«Սահլևս» ՍՊ ընկերությունը հիմնադրվել է 2010թ-ին։ Ընկերությունը զբաղվում է կենցաղային կրակայրիչների արտադրությամբ։ Ընկերությունը նախատեսում է մեծ ծավալներով արտահանում ԵԱՏՄ և երրորդ երկրներ:

Ներկայացված ներդրումային ծրագրի շրջանակներում ընկերությունը մտադիր է կատարել ընդհանուր շուրջ 170 մլն դրամի չափով ներդրում հումքի ձեռքբերման համար։

Վերոնշյալ գործունեության կազմակերպման համար ներմուծվող ապրանքների մասով ընկերությունն ակնկալում է ԱԱՀ-ի գումարների երեք տարի ժամկետով հետաձգում:

Ակնկալվում է, որ ներդրումային ծրագրի իրագործման արդյունքում ընկերությունում երեք տարվա ընթացքում կստեղծվի 27-30 նոր աշխատատեղ` 150-170 հազար դրամ միջին աշխատավարձով: