Ընդամենը երեք օրից՝ մարտի 1-ին, փակվում է «Տարագիրներ ու երազողներ. 20-րդ դարի սփյուռքահայ գրաֆիկայի համայնապատկեր» ցուցադրությունը, որ ներկայացնում է ընտրանի արվեստաբան և համադրող Վիգեն Գալստյանի հավաքածուից: Այս մասին տեղեկանում ենք Գաֆէսճեան արվեստի կենտրոնի ֆեյսբուքյան էջից, որում մասնավորապես ասվում է․

«Բաց մի՛ թողեք վերջին հնարավորությունը՝ տեսնելու «Երևանյան կոլեկցիոներների ընտրությունը» շարքի չորրորդ նախագիծը:

20-րդ դարի համաշխարհային գրաֆիկական արվեստի մասնավոր հավաքածուից ընտրված շուրջ 60 արվեստանմուշները ներկայացնում են 44 արվեստագետի, ովքեր ապրել և ստեղծագործել են տարբեր մայրցամաքներում, երկրներում և արվեստային կենտրոններում:
«Տարագիրներ ու երազողներ» ցուցահանդեսը ոչ միայն ներկայացնում է գրաֆիկական արվեստի մի թաքնված գանձարան, այլև բացահայտում է սփյուռքահայ արվեստագետների մի աստղաբույլ, որին անգամ արվեստի մասնագետները ծանոթ չեն Հայաստանում և որոնցից շատերը երբևէ Հայաստանում չեն ցուցադրվել»: