Մոսկվայում ավարտված շախմատի Աէրոֆլոտ Օփեն-ի B մրցաշարում հաղթել է գրոսմայստեր Տիգրան Հարությունյանը։ Նա 9 հնարավորից վաստակել է 7 միավոր:

Հարությունյանը նաև 13 կետով բարելավել է իր անհատական վարկանիշը։ Հովիկ Հայրապետյանը 6,5 միավորով գրավել է 7-րդ հորիզոնականը:

Մրցաշարում հաջող են հանդես եկել Հայաստանի կանանց հավաքականի ներկայացուցիչներ Էլինա Դանիելյանը և Աննա Սարգսյանը։

Դանիելյանն ընդհանուր հաշվարկում գրավել է 11-րդ հորիզոնականը, իսկ կանանց հաշվարկում ցույց է տվել լավագույն արդյունքը և արժանացել հատուկ մրցանակի։ Սարգսյանը 31 կետով բարելավել է իր անհատական վարկանիշը և 3-րդ անգամ լրացրել տղամարդկանց միջազգային վարպետի նորման։ ՖԻԴԵ-ի խորհրդի հաջորդ նիստին նրան կշնորհվի այդ կոչումը։