Պակիստանում գրանցվել է նորածինների մահացության ամենաբարձր մակարդակը: Դա պարզվել է ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի (ՅՈՒՆԻՍԵՖ) հետազոտությունների արդյունքում։

Ամեն տարի աշխարհում մահանում է 2 մլն 600 հազար մանկիկ, որոնք մեկ ամիս էլ չեն ապրել:

«Պակիստանում հազար մանկիկներից մահանում է 46-ը։ Այս ցուցանիշը ամենից բարձրն է աշխարհում: Հարավաֆրիկյան Հանրապետությունը և Աֆղանստանը երկրորդ և երրորդ տեղերում են նորածինների համար ամենավտանգավոր երկրների ցուցակում»,-ասված է ՅՈՒՆԻՍԵՖ-ի զեկույցում:

Համեմատության համար նշենք, որ Ճապոնիայում գրանցվել է մանկական մահացության ամենացածր ցուցանիշը՝ 1 դեպք 1111 նորածինների հաշվով: Ճապոնիային հաջորդում են Իսլանդիան և Սինգապուրը: Զեկույցի համաձայն, նորածինների համար վտանգի ամենաբարձր մակարդակ ունեցող 10 երկրներից 8-ը գտնվում են Աֆրիկայում, Սահարայից հարավ ընկած շրջանում, որտեղ հղի կանայք բավարար ծավալի բժշկական օգնություն չեն ստանում աղքատության, հակամարտությունների և բուժհիմնարկությունների սարքավորվածության ցածր մակարդակի պատճառով:

Փաստաթղթում ՅՈՒՆԻՍԵՖ-ի վերլուծաբանները նշում են, որ մահերի ավելի քան 80 տոկոսը պայմանավորված է երեք պատճառով, որոնք կարելի էր կանխել. դրանք վաղաժամ ծնունդներն են, ծննդաբերության ժամանակ դիտվող բարդացումները և ինֆեկցիոն հիվանդությունները, օրինակ՝ թոքերի բորբոքումը և սեպսիսը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: