«Երևանի մանկան տուն» ՊՈԱԿ-ի նախկին տնօրեն, երեխաների ապօրինի որդեգրման գործով մեղադրյալ Լիանա Կարապետյանը 6 մլն դրամ գրավի դիմաց ազատ կարձակվի:

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը բավարարել է պաշտպանական կողմի միջնորդությունը, գրում է «Հայկական ժամանակ»-ը։

Մինչև վերջերս Կարապետյանը մեղադրվում էր ՀՀ ՔՕ-ի 167-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ, 3-րդ կետերով (մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ, պաշտոնեական դիրքն օգտագործելով՝ երեխային ապօրինի բաժանելը կամ փոխելը, պատժվում է ազատազրկմամբ` 3-8 տարի ժամկետով):

Երկու օր առաջ, սակայն, նրա մեղադրանքը ծանրացվել է: Կարապետյանն այժմ մեղադրվում է ՀՀ ՔՕ-ի 167-րդ հոդվածի 3-րդ կետով (ծնողներից երեխային ապօրինի բաժանելը կամ փոխելը, ինչը կատարվել է կազմակերպված խմբի կողմից կամ անզգուշությամբ առաջացրել է երեխայի մահ կամ այլ ծանր հետևանքներ, պատժվում է ազատազրկմամբ` 5-10 տարի ժամկետով:): Առաջադրված մյուս մեղադրանքի՝ 314-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնեական կեղծիքը) որևէ փոփոխություն չի եղել: Մեղադրանքի փոփոխությունից հետո նախաքննական մարմինը խափանման միջոցի վերաբերյալ միջնորդություն չէր ներկայացրել, քանի որ Կարապետյանն արդեն իսկ կալանքի տակ էր:

Փաստաբանը նշել է, որ պաշտպանական կողմը մեղադրանքն անհիմն է համարում:

«Նշեմ նաև, որ գրավի կիրառումը մեզ համար ամենացանկալի լուծումը չէր, քանի որ համարում ենք, որ հիմնավոր կասկածն առհասարակ բացակայում է, այդ իսկ պատճառով նաև վճռաբեկ բողոք ենք ներկայացրել»,- ասել է պաշտպանը:

Ավելի վաղ Ազգային անվտանգության ծառայությունն օտարերկրացիների կողմից ՀՀ օրենսդրության կոպիտ խախտմամբ երեխաների որդեգրման բազմաթիվ դեպքեր էր բացահայտել: Պարզվել էր, որ ՀՀ 2 քաղաքացի՝ օգտագործելով իրենց կապերը հանրապետական մանկաբարձական հաստատություններից մեկում, մի շարք գերատեսչություններում և մանկատներում, 30-ից ավելի հայ երեխաների որդեգրում էին կազմակերպել՝ խնամքի հանձնելով Իտալիայի քաղաքացիներին: