Գլխավոր դատախազությունից ստացված գրության հիման վրա Քրեական ոստիկանության գլխավոր վարչության կոռուպցիոն և տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի վարչությունում նախապատրաստված նյութերով փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ 2001թ-ին Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի «Կենտրոն» տարածքային ստորաբաժանման պաշտոնատար անձինք, կեղծիք կատարելով, պետական սեփականություն հանդիսացող Աբովյան 3 հասցեի շենքը գրանցել են որպես հասարակական կազմակերպության սեփականություն, ինչից հետո այդ հասարակական կազմակերպության խորհրդի ղեկավարը, միաժամանակ հանդիսանալով Մշակույթի նախարարության բարձրաստիճան պաշտոնատար անձ, անտեսելով, որ հիշյալ շենքն ընդգրկված է պատմամշակութային հուշարձանների ցանկում և ինքն ի պաշտոնե իրականացնում է պատմամշակութային հուշարձանների պահպանության պարտականություն, անձնական այլ շահագրգռվածությունից ելնելով, պաշտոնեական դիրքն օգտագործել է ծառայության շահերին հակառակ։

Նրան ի պաշտոնե հայտնի լինելու պարագայում, որ հուշարձանի հողատարածքն ընդգրկված է քաղաքացիներին և իրավաբանական անձանց սեփականության իրավունքներով չփոխանցվող հողերի ցանկում, հողատարածքը մասնավորեցնելու և օտարելու նպատակով նա գրություն է հասցեագրել Երևանի քաղաքապետարան։ Քաղաքապետարանի համապատասխան պաշտոնատար անձը, գրությանն ի պատասխան, տրամադրել է ակնհայտ կեղծ տեղեկություններ, որոնց հիման վրա հողամասերը ապօրինի գրանցվել են որպես մասնավոր սեփականություն։

Այնուհետև, 2007թ-ին շենքի և հողամասի մի հատվածը հասարակական կազմակերպությունը 28 միլիոն 800 հազար դրամով օտարել է սահմանափակ պատասխանատվությամբ մի ընկերության՝ խախտելով Երևանի քաղաքապետի որոշման հիման վրա կնքված պայմանագրի դրույթները։ Այդ ընկերությունն իրականացրել է պատմամշակութային հուշարձանի ապամոնտաժման աշխատանքներ․ շենքի հյուսիսային հատվածը քանդվել է, որոշ պատուհաններ լցափակվել են։

Արդեն 2011թ-ին, հասարակական կազմակերպությունը, դարձյալ խախտելով Երևանի քաղաքապետի որոշման հիման վրա կնքված պայմանագրի դրույթները, Աբովյան 3 հասցեի 201 միլիոն դրամ գնահատված հիմնական շենքն ու հողամասը, որպես ավանդ, ներդրել է մեկ այլ սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կանոնադրական կապիտալում՝ գրանցելով սեփականության իր իրավունքը նշված շենքի և հողամասի նկատմամբ։

Հիշյալ հասարակական կազմակերպության նախագահի կողմից 2012թ-ի հունիսի 27-ին ընկերության 100 տոկոս բաժնեմասը 550 հազար դոլարով ձևական գործարքի արդյունքում օտարվել է Բրիտանական Վիրջինյան կղզիներում գրանցված օֆշորային ընկերություններից մեկին, որի տնօրենը հանդիսացել է Մշակույթի նախարարության նույն բարձրաստիճան պաշտոնյայի որդու կինը։ Այնուհետև ձևական գործարքների միջոցով նշված 100 տոկոս բաժնեմասի 50 տոկոսն անցել է հասարակական կազմակերպության նախագահին, 25 տոկոսը՝ հիշյալ ընկերության տնօրենի մորը, իսկ մյուս 25 տոկոսը մնացել է օֆշորային ընկերությանը։

Ապօրինությունների հետևանքով պետությանը պատճառվել է առանձնապես խոշոր չափերի՝ 201 միլիոն դրամի վնաս։ Քրեական ոստիկանության գլխավոր վարչության կոռուպցիոն և տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի վարչությունում պաշտոնեական լիազորությունների չարաշահման, պաշտոնեական կեղծիքի և պատմության ու մշակույթի հուշարձաններ ոչնչացնելու կամ վնասելու հատկանիշներով հարուցվել է քրեական գործ, որն ուղարկվել է Քննչական կոմիտե։

Հիշեցնենք, որ այս գործարքի մասին «Հետքը» գրել էր դեռևս 2015թ-ին: Այդ ժամանակ պետական մի շարք մարմիններ՝ կառավարությունը, Վերահսկիչ պալատը հրապարակման մեջ առկա բացահայտումների վերաբերյալ խուսափեցին գնահատականներ տալ, իսկ գլխավոր դատախազությունը «որևէ իրավախախտում չտեսավ գործարքի մասնակից մշակույթի նախկին նախարար Հասմիկ Պողոսյանի և նախկինում բարձրաստիճան մի շարք պաշտոններ զբաղեցրած, ՀՀ նախագահի խորհրդական, այժմ՝ Իսրայելում ՀՀ ռեզիդենտ դեսպան Արմեն Սմբատյանի կողմից մշակութային հուշարձանը յուրացնելու վերաբերյալ հրապարակման մեջ և գործ չհարուցեց, իսկ հոդվածում տեղ գտած փաստերը որակեց որպես հանցագործության հատկանիշներ չպարունակող «ընդհանրական բնույթի հանգամանքներ», «հոդվածագրի դատողություններ և եզրահանգումներ»: