ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը հայտարարել է․

«Ուսումնական հաստատություններում արտահերթ արձակուրդ հայտարարելու հնարավորության հարցը Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ուշադրության կենտրոնում է։

Որոշումների մասին անպայման կտեղեկացնենք ձեզ: Հիշում եք, որ անհրաժեշտությունից ելնելով և լարվածությունը թուլացնելու համար վերջերս որոշում կայացվեց բացակայությունները զրոյացնելու վերաբերյալ», - նշել է նախարարը:

Նա հավելել է, որ գերատեսչության որոշումները բխելու են բացառապես երեխաների առողջությունը պաշտպանելու անհրաժեշտությունից, «ինչից ավել կարևոր բան չկա»:

«Խնդրում եմ ելնել այս սկզբունքից ու այս հարցերում առաջնորդվել պաշտոնական լրահոսից ստացված տեղեկություններով»,- նշել է Հարությունյանը:

Իր հերթին, առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը նշել է, որ դպրոցական 2 երեխա ունի ու պատրաստ է նրանց դպրոց ուղարկել:

«...որովհետև հանրային առողջապահական վտանգը բարձր չեմ համարում։ Դպրոցականները պրակտիկորեն որևէ խնդիր չունեն կորոնավիրուսի հետ, նրանց շրջանում դեպքերը հազվադեպ են»,- նշել է Թորոսյանը: