ՀՀ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը այսօր մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է․

«Հայաստանում կորոնավիրուսի հայտնաբերման առաջին դեպքը մեզ նոր քայլեր անելու է դրդում, սակայն այն իրենից որևէ հանրային առողջապահական վտանգ չի ներկայացնում, նույնսիկ այդ վարակված անձի համար։ Փաստացի այդ մարդը հիմա պարզապես մեկուսացված պայմաններում հիվանդանոցում նստած է կամ ինչ-որ բանով զբաղվում է, և որևէ բուժական միջամտություն նրա նկատմամբ չի իրականացվում»։

Նախարարի խոսքով՝ մինչ օրս իրականացվել է կորոնավիրուսի 117 թեստ, որից 10-ը՝ երեկ։ Այս պահի դրությամբ մեկուսացվել է 32 անձ։ Նրանք գտնվում են Ծաղկաձորի «Գելդեն փելիս» հյուրանոցում։

«Ուզում եմ հիշեցնել, որ մեր ցամաքային սահմանը Հայաստանի Հանրապետության քաղաքացիների համար բաց է և բաց էլ պետք է լինի։ Եվ տեղում իրականացվող միջոցառումները բավարար են առողջապահական միջազգային կանոնների տեսանկյունից»,- ասաց առողջապահության նախարարը։ Նա շեշտեց, որ եղանակի տաքացման հետ մեկտեղ՝ վիրուսը կնահանջի։

Հարցին, թե ինչպես է ստացվել, որ վարակված ուղևորի մոտ բարձր ջերմաստիճանը նկատվել է ժամանումից 4 ժամ անց և ոչ թե օդանավակայանում ջերմաչափման ժամանակ, Արսեն Թորոսյանը շեշտեց, որ դա հիվանդության առանձնահատկություններից է և դրան դասագրքային բացատրություն կարող է չլինել։

«Բարձր քաղաքացիական գիտակցությամբ պացիենտ ենք ունեցել, որը ինքնազգացողության վատացման դեպքում դիմել է բժշկի»,- նշեց նախարարը։

Նա շեշտեց, որ կորոնավիրուսի թեստերը արագ, սկրինինգային թեստեր չեն և դրանով հնարավոր չի հազարավոր քաղաքացիների հետազոտել։

«Այդ թեստերը կարող են լինել բացասական հիվանդության առաջին 14 օրվա ընթացքում, և այս դեպքում անիմաստ է բոլոր քաղաքացիներին հետազոտելը։ Նաև առաջ անցնելով ասեմ, որ վիրուսը մարդու օրգանիզմից արտանետվում է այն ժամանակ, երբ այն արդեն բազմացել է նրա մեջ։ Սրանով միանգամից կանխում եմ այն վարկածը, որ Հայաստանում վարակված անձ կարող է բազմաթիվ մարդկանց վարակած լինել»,- նշեց առողջապահության նախարարը։

Անդրադառնալով Երևան-Միլան չվերթին՝ Արսեն Թորոսյանն ասաց, որ չվերթը այս պահին չեղարկելու կարիք չկա, քանի որ Իտալիայում՝ մեծ քաղաքներում վիրուսը լոկալիզացվել է։