Հայկական նկարչությունը ծաղկում է ապրել 19-րդ դարում: Այդ շրջանի նկարիչները, ինչպես՝ դիմանկարիչ Հակոբ Հովնաթանյանը և ծովանկարիչ Հովհաննես (Իվան) Այվազովսկին, մինչ օրս միջազգային ճանաչում են վայելում: 20-րդ դարում Մարտիրոս Սարյանը պատկերել է բնության էությունը նոր լույսի ներքո, իսկ Արշիլ Գորկին` մեծ ազդեցություն է ունեցել Նյու-Յորքում երիտասարդ ամերիկյան նկարիչների սերնդի վրա, մինչդեռ Գառզուն և Ժանսեմը հռչակ և համբավ են ձեռք բերել Ֆրանսիայում: Եվ այսպիսով հայ արվեստագետների շարքին դասվում է հանճարեղ գեղանկարիչ Մարտիրոս Սարյանը:

Փետրվարի 28-ին հանճարեղ գեղանկարիչ Մարտիրոս Սարյանի ծննդյան օրն էր: Մեծ վարպետի 140-ամյակին նվիրված նախատեսված էին մի շարք միջոցառումներ։

Ավետիք Իսահակյանի գրադարանում կայացել է Մարտիրոս Սարյանի ծննդյան 140-ամյակին նվիրված «Հուշեր Մարտիրոս Սարյանի մասին» գրքի շնորհանդեսը, հաջորդ օրը նկարչի տուն-թանգարանում արվեստասեր հանրությանը ներկայացվել է Սարյանի՝ 1910թ-ին ստեղծած «Կոստանդնուպոլսի շները» վերանորոգված կտավը: Այս մասին տեղեկացնում է լրագրող Գարիկ Ավետիսյանը։

Մարտի 20-ին կներկայացվեն Մարտիրոս Սարյանի՝ «Ալմաստ» օպերայի համար արված էսքիզները։

Մարտիրոս Սարյանը ծնվել է 1880թ-ին Ռուսաստանում, Դոն գետի ափին գտնվող հայկական Նոր Նախիջևան քաղաքում: Սարյանի նախնիները այնտեղ էին վերաբնակվել միջնադարյան Հայաստանի մայրաքաղաք Անիից: Գաղթի հետևանքով Անիի հայերի մի մասը բնակություն էր հաստատել Ղրիմում: 18-րդ դարի վերջին Եկատերինա Երկրորդ իշխանուհու հրամանով նրանք վերաբնակվել էին Ռուսաստանի մերձազովյան տափաստաններում: 1895թ-ին Սարյանն ավարտել է Նոր Նախիջևանի քաղաքային հայ-ռուսական հանրակրթական ուսումնարանը:

Արդեն դպրոցական տարիներին նրա նկարչական հաջողությունները խրախուսվել էին գովասանագրերով: Դպրոցն ավարտելուց հետո Սարյանն աշխատանքի է ընդունվում փոստային գրասենյակ: Այստեղ ազատ ժամերին նա ամսագրերից պատկերներ էր վերանկարում և գրասենյակ եկող հետաքրքիր մարդկանց ճեպանկարներ էր անում:

Սարյանի ավագ եղբայր Հովհաննեսը, քաջալերելով Մարտիրոսի հետաքրքրությունը, նրան ծանոթացնում է իր բարեկամ նկարիչ, Մոսկվայի գեղանկարչության, քանդակագործության և ճարտարապետության ուսումնարանի շրջանավարտ Ա. Արծաթբանյանի հետ:

Գնահատելով պատանու բնատուր օժտվածությունը՝ Արծաթբանյանը Մարտիրոսին պատրաստում է ընդունելության քննությունների:

1897թ-ին Մարտիրոս Սարյանը դառնում է Մոսկվայի գեղանկարչության, քանդակագործության և ճարտարապետության ուսումնարանի ուսանող: 1901–1903թթ-ի ճամփորդությունները դեպի Կովկաս Սարյանի համար դարձան իսկական հայտնություն: 1902թ-ի ամռանը նկարիչը եղավ Հայաստանի հնագույն մայրաքաղաք Անիում: Մերձավոր Արևելքի երկրներ`Թուրքիա (1910թ.), Պարսկաստան (1913թ.), Եգիպտոս (1911թ.), ուղևորությունների ողջ ընթացքում նկարչին առաջնորդել է արևելյան աշխարհի և ինքն իրեն, որպես այդ աշխարհի մի մասնիկը, ըմբռնելու ձգտումը: 1911թ-ին Եգիպտոս (Կահիրե, Գիզա, Մեմֆիս, Լուքսոր) կատարած ուղևորությունը հարստացրել է Սարյանի արվեստը նոր աշխատանքներով, որոնք դարձել են նրա ինքնատիպ ոճի վառ արտահայտումները:

1911թ-ի աշնանը Հռոմի ժամանակակից արվեստի միջազգային գեղարվեստական ցուցահանդեսում ներկայացված Սարյանի նոր աշխատանքները մեծ հետաքրքրքություն են առաջացրել գեղարվեստի աշխարհում: Սակայն նկարչի ստեղծագործության հետագա զարգացումը ընդհատվել է հայ ժողովրդի ողբերգական իրադարձություններով: Նկարիչը երկար ժամանակ չէր կարողանում աշխատել: Բայց առաջինը, ինչ ստեղծել է ծանր ապրումներից հետո, դա կարմիր ծաղիկների մեծ փունջ պատկերող նկար էր:

1918-1919թթ-ին Սարյանը ընտանիքով ապրում է Նոր Նախիջևանում: Նկարիչը դառնում է Ռոստովի հայկական գավառագիտական թանգարանի հիմնադիրն ու առաջին տնօրենը: Հայաստանի ժողովրդական կոմիսարների խորհրդի նախագահ Ա. Մյասնիկյանի հրավերով 1921թ-ին Սարյանն ընտանիքով տեղափոխվում է Երևան` մշտական բնակության: Այստեղ նա հիմնում է հնագիտության, ազգագրության, կերպարվեստի պետական թանգարան, մասնակցում է Երևանի գեղարվեստի ուսումնարանի և կերպարվեստի աշխատողների ընկերության կազմակերպմանը:

1922թ-ին Սարյանի էսքիզներով ստեղծվում են Սովետական Հայաստանի զինանշանն ու դրոշը: Իր արվեստում Սարյանն այս շրջանում ձգտում է պատկերել Հայաստանն իր շոշափելի գոյությամբ Նկարիչը ուղևորություններ է կատարում Հայաստանի տարբեր շրջաններ, ստեղծում իր աշխատանքները բնության գրկում: Այդ տարիներին Իտալիայում ապրող հայ մեծն բանաստեղծ Ավետիք Իսահակյանը, ով հետագայում դառնում է Սարյանի մտերիմ ընկերը, «Հայրենիք» թերթում (Փարիզ, 5 օգոստոսի, 1924թ.) տպագրում է մի հոդված, որտեղ նկարչի արվեստը գնահատում է, որպես հայ մշակույթի զարգացման համար պատմական խոշոր նշանակության երևույթ: 1925 թ. Մարտիրոս Սարյանին շնորհվում է Հայաստանի ժողովրդական նկարչի կոչում: 1950-60ական թթ-ին Սարյանը նկարում է նաև այլ ժամանակակիցների, ոչ այնքան խոշոր, բայց մտածող և իրենց ժամանակի ողջ դրամատիզմը ապրող մտավորականների:

1966թ-ին Մ. Սարյանը ստանում է Հայաստանի ԽՍՀ Պետական մրցանակ: Լույս է տեսնում նկարչի «Գրառումներ իմ կյանքից» հուշերի գիրքը (սկզբից հայերեն, ավելի ուշ հրատարակվեց 4 լեզվով): 1967թ-ի նոյեմբերի 26-ին Երևանում բացվում է Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանը: Անհատական ցուցահանդեսներ է ունենուման Ռումինիայում, Չեխոսլովակիայում, Հունգարիայում, Գերմանիայի Դեմոկրատական Հանրապետությունում:

Մարտիրոս Սարյանը վախճանվել է 92 տարեկան հասակում, 1972թ-ի մայիսի 5-ին: