Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը փետրվարի 28-ին նոր հրաման է ստորագրել, որի համաձայն Հայաստանի Հանրապետությունում նոր կորոնավիրուսային վարակի (2019 թ.nCoV) կասկածի դեպքում հիվանդանոցներում արտահիվանդանոցային պայմաններում և շուրջօրյա բժշկական օգնություն պահանջող հոսպիտալացված անձանց ախտորոշման ճշտումը և բուժումը իրականացվում է պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում՝ անկախ նրանց սոցիալական կարգավիճակից և քաղաքացիությունից:

Նախարարի հրամանով սահմանվել են նաև ծառայությունների փոխհատուցման չափերը հիվանդանոցներին՝ հիվանդանոցային պայմաններում ամբուլատոր բժշկական օգնության և սպասարկման դեպքը՝ 9000 դրամ, հիվանդանոցային համաճարակաբանական դիտարկման, ախտորոշման ճշտման կամ շուրջօրյա հսկողություն պահանջող դեպքերի բժշկական օգնություն և սպասարկում՝ մեկ օրը 15,000 դրամ, առավելագույնը՝ 150,000 դրամ:

Այս հրամանի կատարման հսկողությունը հանձնարարվել է առողջապահության նախարարի տեղակալ Արտյոմ Սմբատյանին: Հրամանի դրույթները տարածվում են 2020թ-ի փետրվարի 1-ից ծագած հարաբերությունների վրա: