Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ռեկտոր, առողջապահության նախկին նախարար Արմեն Մուրադյանը ֆեյսբուքյան իր էջում հորդորել է սառնասիրտ ու առանց խուճապի ենթարկվել պատկան մարմինների բոլոր ցուցումներին․

«Ստեղծված իրավիճակում պարտավոր ենք բոլորս համախմբված, միասնական հաղթահարել աշխարհին, այդ թվում նաև մեզ բաժին հասած այս փորձությունը:

Վստահ եմ, որ թե´ազգային, թե´ քաղաքացիական ինքնագիտակացությունը կհաղթահարի բոլորիս մտահոգությունները: Ուստի կոչ եմ անում.

1. սառնասիրտ ու առանց խուճապի ենթարկվել պատկան մարմինների բոլոր ցուցումներին,

2. հետևել և ի գիտություն ընդունել միայն հավաստի, պաշտոնական տեղեկատվությունը,

3. չենթարկվել խուճապի և անհարկի շահարկումներին, որոնք կարող են տարածել միայն հոգով գաճաճները,

4. անկախ հայացքներից, տեսակետներից և տարակարծություններից համախմբվել պետական լիազոր մարմնի շուրջ և կատարել բժիշկների հորդորները։

Վստահություն եմ հայտնում, որ բժիշկները և բուժքույրերն իրենց պարտքը կատարում են անմնացորդ:

Ճանաչում եմ և փորձություն եմ անցել մեր Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի թիմի հետ: Միանշանակ հավաստիացնում եմ ձեզ, որ նրանք իրենց գործի գիտակն են և հաղթահարել են բազմաթիվ փորձություններ:

Ուզում եմ հատուկ շնորհակալություն հայտնել, ինչպես միշտ իրենց պարտքն անվերապահորեն կատարող մեր Բուժաշխատողներին... Կեցցեք, դուք»,- ասվում է գրառման մեջ: