Կորոնավիրուսի տարածումը կանխարգելող աշխատանքները համակարգող հանձնաժողովի նիստից հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է․

«ՀՀ-ում կորոնավիրուսի նոր դեպք չկա, մի քանի կասկածելի դեպքեր ախտորոշվել են և պատասխանը բացասական է եղել, ևս 9 թեստի պատասխանի դեռ սպասում են։

Եթե դրանք հաստատվեն, որևէ խուճապի առիթ չպետք է լինի, սա հաղթահարելի հիվանդություն է և նույնիսկ առայժմ մեր միակ ախտորոշված վարակակիրը, փաստորեն, չի բուժվում, չունի ոչ մի բողոք, ախտանշան. կարճ ժամանակ ջերմություն է ունեցել, որն իջել է: Մարդը սուր վարակիչ հիվանդությունների կենտրոնում ուղղակի սենյակում հեռուստացույց է նայում»,- հայտարարել է Փաշինյանը:

Նա նշել է, որ «Գոլդեն Փելես» հյուրանոցում գտնվող քաղաքացիներից ոչ մեկի մոտ կորոնավիրուսի ախտանշան չկա:

Կառավարության ղեկավարը նաև կոչ է արել սահմանափակել ուղևորությունները Իտալիայի, Թուրքիայի ուղղությամբ և հետևել առողջապահության նախարարության ցուցումներին:

Վարչապետը նշել է, որ այս պահին գնահատվում են ռիսկային ուղղությունները և սահմանափակումներ են մտցվում այդ ուղղություններով, բոլորը ՀՀ-ն փակել չի կարող:

Փաշինյանը նշել է նաև, որ դիմակների նոր խմբաքանակի ձեռքբերման համար աշխատանքներ են տարվում: Նա կոչ է արել խուճապային կոչեր և քայլեր չանել, հետևել առողջապահության նախարարության ցուցումներին: