Հայաստանից որոշ ժամանակ առաջ դիմակներ են արտահանել, սակայն որևէ խոշոր ներմուծողի մոտ դրանք չեն թանկացել, հայտարարել է Տնտեսական մրցակցության պետական պաշտպանության հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը։

«Ընդ որում, արտահանումը տեղի է ունեցել ոչ խոշոր վաճառողների կողմից, խոշոր դեղատնային ցանցերը դիմակ չեն արտահանել», - ասել է նա, փոխանցում է Aysor.am-ը։

Գևորգյանի խոսքով՝ որևէ խոշոր ներմուծողի մոտ դիմակի գին չի բարձրացել, դրանք թանկացել են փոքր դեղատներում, այլ հարթակներում:

Նա նշել է, որ փորձում են դիմակների նոր խմբաքանակ բերել Հայաստան, սակայն հայտարարվել է, որ դեֆիցիտ կա։

«Դրսի մեր գործընկերները հայտարարել են, որ դիմակների գները բարձրացել են, այսինքն, եթե նոր խմբաքանակ կարողանանք ձեռք բերել, ավելի թանկ կլինեն», - ասել է նա։

Գևորգյանը նշել է, որ ախտահանիչ նյութերի քանակի խնդիրն առաջացել է 1-2 օրում, որովհետև կորոնավիրուսով վարակված առաջին պացիենտի մասին իմանալուց հետո քաղաքացիները սկսել են մեծ քանակությամբ գնել դրանք։ Նա հայտնել է նաև, որ մարտի 2-ի դրությամբ դեղատներում արդեն ախտահանիչ նյութեր կան: