Թբիլիսի են ժամանելու Գերմանիայի կառավարության ներկայացուցիչներ՝ վրացական կողմի հետ ազատ վիզային ռեժիմի հնարավոր չեղարկման թեմայով քննարկում անցկացնելու նպատակով: Այս մասին հայտնել է Վրաստանի արտգործնախարար Միխեիլ Ջանելիձեն։ Փոխանցում է aliq.ge-ը։

«Մենք կքննարկենք քայլերը, որոնք կնպաստեն, որ ազատ վիզայի դադարեցման մեխանիզմն օրակարգային չդառնա: Երբ վիզայի ազատականացման պայմանների խախտման և վիճակագրական որոշ տվյալների աճի հետ կապված գործընկեր երկրի կողմից հարցեր առաջացան, մենք համապատասխան քայլեր ձեռնարկեցինք, նաև ակտիվ և սերտ համագործակցություն սկսեցինք մեր գործընկերների հետ, որպեսզի նշված հարցերին պատասխաններ տանք»,- հայտարարել է նախարարը՝ հավելելով, որ Գերմանիայի դաշնային հանրապետության ներկայացուցիչների այցի իրականացման համար Վրաստանի իշխանությունները հստակ քայլեր էին ձեռնարկվել:

Հիշեցնենք, որ 2017-ի մարտի 28-ից Վրաստանի քաղաքացիները հնարավորություն ստացան Եվրամիության երկրներ այցելել՝ առանց մուտքի արտոնագրի: Ըստ Վրաստանի ԱԳՆ-ի՝ նախորդ տարվա ապրիլից առանց վիզայի ռեժիմից օգտվել է Վրաստանի 220 հազար քաղաքացի: